Նկատեցի, որ լրատվական դաշտում (չեմ պնդում՝ դիտավորյա՞լ, թե՞ չհասկացվածության արդյունքում) անընդհատ առաջ էր տարվում այն թեզը, որ երկրորդ կնոջ նկատմամբ, որը տեսալուսանկարահանել էր իրավիճակը, մենք ձերբակալում ենք իրականացնում զուտ նկարահանման համար: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում քաղաքացիների միջև վիճաբանություն էր սկսվել, երբ ավտոբուսում մի տղամարդ նվաստացրել էր կնոջը:
«Այդպիսի պնդում ընդհանրապես լինել չի կարող, որովհետև տեղի է ունեցել հասարակական վայրում խուլիգանության դրվագ, և բացառապես այդ նպատակով է, որ վարույթը նախաձեռնել ենք: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք աչք ենք փակում մի դրվագի վրա»:
Հետևապես կոչս է բոլորին, եթե նմանատիպ դրվագներ կան, որևէ ձևով չկաշկանդվեք, նկարահանեք, սակայն պահպանեք հասարակական համակեցության կանոնները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում նվաստացնում իր կողակցին, ինչին միջամտել էր ուղևորներից մեկը, և վերջիններիս միջև լեզվակռիվ էր սկսվել:
Ավելի ուշ ՆԳՆ-ն արձագանքել էր՝ տեղեկացնելով, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել էին նաև տեսանյութը նկարահանած կնոջը։










