Ռուսաստանի իշխանությունները կարող են նոր «սադրիչ դիվերսիոն գործողություններ» նախապատրաստել Եվրամիության անդամ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում: Նման գնահատական է տվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Telegram-ի իր ալիքում։
Հետախուզական գործակալության տվյալներով՝ նման գործողությունների նպատակն է «նվազեցնել կամ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող արտաքին աջակցությունը՝ վարկաբեկելով» երկրի բանակը և «վախեցնելով եվրոպական կառավարություններին ու հասարակություններին»:
Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանը քննարկում է տարբեր սցենարներ, այդ թվում՝ կեղծ դրոշով գործողությունների իրականացում, «Ուկրաինայի դեմ հետագա մեղադրանքներով»: Ինչպես նշել է հետախուզական վարչությունը, հնարավոր թիրախների թվում են կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները, Ռուսաստանին սահմանակից տարածքը, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի շրջակայքը, ինչպես նաև Եվրամիության երկրների այն շրջանները, որտեղ ապրում է ռուսալեզու բնակչությունը, և որտեղ գտնվում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու կամ Ռուսաստանի Դաշնության հետ պատմականորեն կապված կառույցներ:









