Մոսկվան և Կիևը քաղաքացիական անձանց են փոխանակել Բելառուսի Գոմելի մարզի «Նովայա Գուտա» անցակետում` հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն: Փոխանակման արդյունքում Ռուսաստան են վերադարձել վեց ընտանիքի անդամներ՝ ընդամենը յոթ մարդ, այդ թվում՝ ամուսնական զույգ։ Ուկրաինա են մեկնել նույնպես վեց ընտանիքի անդամներ՝ դարձյալ յոթ հոգի։
Նախապատրաստվող փոխանակման մասին հայտարարվել էր մի քանի ժամ առաջ։ Այն տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմեններ Յանա Լանտրատովայի և Դմիտրի Լուբինեցի մասնակցությամբ։ Նրանք հանդիպել են Բելառուսի տարածքում։
Նախորդ անգամ կողմերը քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել սեպտեմբերի 17-ին։ Այդ ժամանակ Ռուսաստան է վերադարձել երեք մարդ, իսկ Ուկրաինա՝ 15-ը։
Նախօրեին Ռուսաստանը և Ուկրաինան նաև փոխանակել են զոհվածների մարմիններ: Ռուսաստանին է փոխանցվել 252 մարմին, Ուկրաինային՝ 25֊ը։









