«Չնայած աշխարհագրական լարվածությանը և ահագնացող կլիմայական ճգնաժամին՝ այս համաժողովը փաստում է, որ բազմակողմանիությունն աշխատում է, և ստանձնած հանձնառություններն առաջին հերթին պատվում են», այս մասին Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) բացմանն իր ելույթում հայտարարեց Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։
Շոմակերը Քարտուղարության անունից խորին երախտագիտություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովն ու Առաջնորդների գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նա ընդգծեց, որ Հայաստանի հյուրընկալությունը, ժողովրդի բարությունն ու ջերմությունը զգացվում են առաջին իսկ պահից, և արվել է ամեն ինչ, որպեսզի պատվիրակներն իրենց զգան ինչպես տանը։
Գործադիր քարտուղարի խոսքով՝ Երևանի համաժողովը հույս է ներշնչում աշխարհին։ Նա հորդորեց առաջիկա երկու շաբաթներն օգտագործել միավորվելու, ստանձնած հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելու, գործընկերային կապերն ամրապնդելու և իրականացման քայլերն արագացնելու համար։
Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Շոմակերը նշեց, որ գլոբալ զեկույցների շնորհիվ հստակ է, թե որտեղ ենք գտնվում և որտեղ են բացերը։ Նրա համոզմամբ՝ Երևանում ընթացող հանդիպման առանցքային նպատակը հենց այդ բացերը լրացնելն ու ավելի ազդեցիկ քայլեր նախանշելն է։
Ելույթի ավարտին Շոմակերը շեշտեց, որ COP համաժողով հյուրընկալելը փոքր առաջադրանք չէ, և Հայաստանը հաջողությամբ պատվով հաղթահարել է այդ մարտահրավերը։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարություններին, ՄԱԿ-ի մշտական համակարգողին և կազմակերպչական ողջ թիմին՝ «վարագույրների հետևում» կատարած հսկայական անխոնջ աշխատանքի համար։









