ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերրիս Էքինջին հայտարարել է, որ Հայաստանի հետ երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացում են։ «Վերջին շրջանում մեր երկրների միջև բարձր մակարդակի այցելություններն ակտիվացել են, և դա զգալի ներդրում է ունեցել երկխոսության ամրապնդման գործում», - հավելել է պաշտոնյան։ Էքինջիի խոսքով՝ հստակ քայլեր են ձեռնարկվել տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև ուղիղ առևտրի վերսկսման ուղղությամբ։ «Այս ամենը հիմք է տալիս լավատեսորեն նայելու մեր տարածաշրջանի ապագային», - եզրափակել է Թուրքիայի փոխարտգործնախարարը։
ՖԻԴԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԼԻԵՎԻ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՀԵՏ
Բաքվի հետ հարաբերություններում վերջերս նկատվող լարվածության ֆոնին հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարը և Ադրբեջանի նախագահը։ Հաքան Ֆիդանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ։ Ֆիդանին ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Օրերս Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքի ակցիաներ էին։ Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին։ Ցույցեր էին անցել նաև Թուրքիայում. ակցիայի մասնակիցները դատապարտել էին Բաքվի գործելաոճը, ինչպես նաև Իսրայելի հետ սերտ հարաբերությունները։ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն անընդունելի է որակել գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը։ Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը կոչ է արել թուրքական կողմին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին։ Բաքվից նաև հայտարարել են, որ Հանրապետության վրա հիբրիդային լայնածավալ հարձակում է իրականացվում բարեկամ և հարևան երկրների տարածքից։ Թե որ երկրների մասին է խոսքը, չի նշվում։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երևանում COP-17-ի շրջանակում հանդիպել են Իրանի նախագահը և Վրաստանի վարչապետը։ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկկողմ կապերի զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել հստակ և թափանցիկ գործնական շրջանակ՝ իրականացման հստակ ժամանակացույցով։ Նա նշել է երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի աճը՝ միաժամանակ ընդգծելով, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անընդունելի են։ Իրակլի Կոբախիձեն էլ ընդգծել է, որ Թբիլիսին թափանցիկ է գործում հարևան պետությունների հարցում։ Նա շեշտել է, որ երկրների ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն դատապարտելի է։ Կոբախիձեն հույս է հայտնել, որ կհաջողվի Իրանի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ոլորտներում։
ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԺԵՆԱ 155 ՄԼՐԴ ԵՎՐՈ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ոչ մի ազդանշան չեն տեսնում, թե Ռուսաստանը պատրաստ է ավարտել պատերազմը, մինչդեռ Կիևը ցանկանում է հնարավորինս շուտ հասնել կարգավորման։ Զելենսկու խոսքով՝ այս պահին Ուկրաինայի համար առաջնային խնդիրներից մեկը ձմռանը նախապատրաստվելն է՝ մասնավորապես էներգետիկայի, հակաօդային պաշտպանության և ֆինանսավորման ոլորտներում։ Նա շեշտել է, որ հաջորդ տարի պատերազմն Ուկրաինայի համար կարժենա 155 միլիարդ եվրո, և Կիևը հուսով է, որ եվրոպական կողմը առնվազն ևս 70 միլիարդ կտրամադրի՝ երկրի կարողություններն ամրապնդելու համար։ Նաև Զելենսկին առաջին անգամ հանդիպել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի հետ։ Կողմերը կվերսկսեն գործակցությունը տարբեր մակարդակներում։ Քննարկվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը, որը խոչընդոտում էր Հունգարիայի նախկին ղեկավարությունը։
ԱՄՆ-Ն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՎԱՃԱՌՔԸ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկու մեծ երկրպագուն չէ։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահի հետ բանակցելն ավելի դժվար է, քան Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ կարգավորման հնարավոր համաձայնագիրը հավանաբար կնքվելու է արդեն ոչ թե Զելենսկու հետ։ Թրամփը ամոթալի է որակել ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածները։
«Դրա հետևանքով բարձրացնում են նավթի համաշխարհային գները», - ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնը ժամանակավորապես կդադարեցնի դաշնակիցներին զինամթերքի վաճառքը և կկենտրոնանա սեփական զինանոցը համալրելու վրա։ Հայտնի չէ, արդյոք Թրամփի որոշումը կազդի Ուկրաինա եվրոպական երկրների միջոցով ռազմական մատակարարումների վրա։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան











