«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում, այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղ և «Արմավիր» էլեկտրական ցանց։
ՀԷՑ-ից հայտնում են, որ ժամանակավոր կառավարիչն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում աշխատակազմին է ներկայացրել «Մուսալեռ» մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։ Քննարկվել են իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։

Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում Արմավիրի մարզում կատարվել են բաշխման ցանցի արդիականացման և հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես, փոխարինվել են՝
841 երկաթբետոնե հենասյուներ,
39 ուժային տրանսֆորմատորներ,
101 կմ օդային գծեր,
2.7 կմ մալուխային գծեր,
ավելի քան 17.000 էլեկտրոնային հաշվիչներ։
Աշխատանքային քննարկման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինելու, դրանց օպերատիվ արձագանքելու, աշխատանքային պատասխանատվությունը բարձրացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև նախկինում վթարված հատվածների ուսումնասիրությանն ու բաշխիչ ցանցի տեխնիկական վիճակի բարելավմանը։
Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ հաջորդ հանգրվանը կլինի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը, որը նախատեսվում է առաջիկա օրերին։










