Ադրբեջանի Միլի Մեջլիսի Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբը հանդես է եկել հայտարարությամբ թուրքական լրատվամիջոցներում Ադրբեջանի վերաբերյալ, իրենց ձևակերպմամբ, «կանխակալ» նյութերի, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի մեղադրանքների վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելն ու ադրբեջանական հասարակությանը քաղաքական ու գաղափարական հայացքներ պարտադրելն անընդունելի է:
«Ցավով ցանկանում ենք նշել, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում նման իրավիճակները կանխելու համար: Թուրքիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև սադրանքների, ինչպես նաև նման սադրիչ ակցիաներ անցկացնելու կոչերի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը մի շարք հարցեր է առաջացնում»,- նշել են ադրբեջանցի խորհրդարանականները:
Նրանք հույս են հայտնել, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները հարգանք կցուցաբերեն Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանադրական կարգի նկատմամբ:









