Մենք ցանկանում ենք վերսկսել համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, սակայն նրանք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն դրա համար՝ ասել է Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Նրա խոսքով՝ առաջ շարժվելու փոխարեն Վրաստանի իշխանությունները հետքայլեր են անում՝ ընդունելով բազմաթիվ օրենքներ։
«Քանի դեռ Վրաստանի իշխանությունները չեն սկսել շարժվել եվրոպական արժեքների ուղղությամբ, մենք նրանց հետ չենք համագործակցի», - հավելել է ԵՄ ներկայացուցիչը:
Կոսը նշել է, որ չնայած Վրաստանի իշխանությունների հետ համագործակցության բացակայությանը, ԵՄ-ն շարունակում է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ և աջակցել վրաց ժողովրդին:
Այսօր Լյուքսեմբուրգում կայանալու է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում է նաև Վրաստանում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականի ավարտը օրակարգ չի բերի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը։ Այս որոշումից հետո Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերություններում լարվածությունը պահպանվում է։ Վրաստանի իշխանությունները Եվրոպական բյուրոկրատիային մեղադրում են եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու համար։










