Իններորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթների ժամանակ անդրադարձան COP17 միջոցառման ծախսերին՝ հայտարարելով, թե դեմ են, որ նմանատիպ միջոցառումները վերածվեն պետական գումարների անթափանցիկ ծախսման կամ մսխման:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը նշեց, որ հեռուստատեսային գովազդների համար նախատեսված գումարը՝ մոտ 452 մլն դրամը, պատասխանատու ընկերությանը 90 տոկոս կանխավճարով է տրվել, և որ աշխատողների աշխատանքային բնութագրերը ուռճացված են:
Նույն խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը դժգոհեց, թե մի քանի միլիոն դոլար է ծախսվել «Մերիդիան» էքսպոկենտրոնում ժամանակավոր շինություն կառուցելու համար:
Պատգամավոր Լիանա Մանուկյանը նշեց, որ բրենդային նվերների՝ թերմոսի, բեյջի թելի, էկոպայուսակի, կրծքանշանի գները ուռճացված են, և որ, չլինելով գնումների մասնագետ, կարողացել է նմանատիպ ծախսերում 84 մլն դրամի խնայողություն անել:
Պատգամավոր Անուշ Միրզոյանն ասաց, որ բազմաթիվ ապրանքատեսակների գները շուկայական գնից մոտ 20-25 տոկոս բարձր են եղել, իսկ որոշ դեպքերում գներն ուռճացված են ավելի քան 50 տոկոսով:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ կարծիք հայտնելով, թե ընդդիմադիրների կռիվը բեյջի թելի կամ թերմոսի հետ չէ, այլ՝ ՀՀ պետականության:
«Ձեզ ձեռք չի տալիս, որ ՀՀ-ն անկախ պետություն է, ու ՀՀ-ն կազմակերպում է այնպիսի միջոցառում, որին աշխարհի 190 երկրներից մասնակցելու է 15 հազար մարդ, որի տնտեսական էֆեկտը շատ դժվար է գերագնահատել, դժվար է գերագնահատել դրա քաղաքական էֆեկտը: 190 երկրների առաջնորդներ, կառավարության անդամներ, խորհրդարանականներ գալու են ՀՀ: Աշխարհի որոշում կայացնողների մի շատ մեծ մասը օրեր շարունակ լինելու է ՀՀ-ում:
Այս ամենի PR էֆեկտը. համաշխարհային թոփ մեդիաներով անընդհատ հնչելու է Հայաստանի անունը, այդ երկրների հեռուստաընկերություններով է հնչելու Հայաստանի անունը: Բայց դա ձեզ ձեռք չի տալիս, որովհետև ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ գործ ունի քոսոտ ծայրագավառը, իրեն դրել է պետության տեղ, նման միջոցառում է անում: Ձեր ընկալմամբ՝ ՀՀ-ն, որ մաքսիմում կարող է կազմակերպել, Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է: Դա՝ լավագույն դեպքում, դա՝ Հայաստանի լավագույն ու գերադրական աստիճանով: Ձեզ այս ամեն ինչը ձեռք չի տալիս, դուք դրա հետ չեք կարողանում հաշտվել: Թե չէ գալիս ասում եք՝ թերմոսը… Քանի՞ հատ եք առել, փորձեք 15 հազար հատ առնել, տեսնենք՝ ինչ գին են տալիս»,- ասաց նա:
Ամփոփելով ելույթը՝ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե ընդդիմադիրները շարունակում են պայքարել ՀՀ-ի դեմ, ՀՀ-ի՝ աշխարհի քաղաքական քարտեզում իր տեղը ունենալու դեմ՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե այս կռիվը ևս պարտվելու են, իսկ ՀՀ-ն շարունակելու է լինել աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես անկախ պետություն. «Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու»:










