«Ռոսպոտրեբնադզորն» արգելել է Ռուսաստան ներկրել որոշակի ապրանքանիշերի վրացական գինի, ինչպես նաև «Նաբեղլավի» հանքային ջուր և Coca-Cola ըմպելիքներ, որոնք արտադրվել են Վրաստանում ամերիկյան ընկերության գործարանում: Այդ մասին հայտնել է РБК-ն:
Ռուսաստան ներմուծման արգելքը տարածվում է, մասնավորապես, «Վրացական գարեջրային ընկերության», «Ասքանելի եղբայրների» գինու և կոնյակի, ինչպես նաև գինիներ արտադրողներ «Թելիանի վելի», «Թբիլիսվինո» և «Վայնմեն» ընկերությունների վրա։
«Ռոսպոտրեբնադզորի» որոշումից հետևում է, որ ժամանակավոր սանիտարական միջոցն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմանը համապատասխան: Նշվում է, որ արգելող ցուցակում հայտնված մթերքները չեն համապատասխանում օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական, ինչպես նաև անվտանգության ցուցանիշների պահանջներին:
Ըստ РБК –ի տվյալների՝ Ռոսպոտրեբնադզորի կարգադրության համաձայն, մանրածախ առևտրի ցանցերն արդեն սկսել են հետ կանչել այդ ապրանքները։










