Անդորրա լա Վելլայում (Անդորրայի Իշխանապետություն) ընթանում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը։ Աշխատանքներին մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը։ Նիստում ելույթ է ունեցել խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հարգելի՛ նախագահող,
Էներգետիկ անվտանգությունն այլևս զուտ տնտեսական զարգացման կամ ռեսուրսների հասանելիության խնդիր չէ։ Այն դարձել է ազգային անվտանգության, քաղաքական անկախության և պետական ինքնիշխանության հիմնարար բաղադրիչ։
Վերջին տարիների մարտահրավերները ցույց են տվել, որ էներգակիրների սահմանափակ թվով մատակարարներից, աղբյուրներից կամ տարանցման ուղիներից չափազանց մեծ կախվածությունը կարող է ստեղծել ռազմավարական խոցելիություններ և խաթարել պետությունների՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունը։ Այս համատեքստում քչերից կախվածությունը շատերի հետ համագործակցությամբ փոխարինելը դառնում է էներգետիկ անվտանգության առավել կարևոր սկզբունք։
Էներգետիկ ինքնիշխանության ամրապնդումը չի նշանակում մեկուսացման կամ լիակատար ինքնաբավության ձգտում։ Ընդհակառակը, այն սերտորեն կապված է դիվերսիֆիկացիայի, ավելի ամուր գործընկերության և ավելի խոր տարածաշրջանային համագործակցության հետ։ Հավասարապես կարևոր է էներգիայի արտադրության նկատմամբ պրագմատիկ և տեխնոլոգիապես բաց մոտեցումը՝ տարբեր աղբյուրների և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունը, կայունությունը և ենթակառուցվածքների դիմակայունությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է, որն անմիջականորեն կապված է մեր անվտանգության, ինքնիշխանության և երկարաժամկետ անկախության հետ։ Մենք իրականացնում ենք մեր էներգետիկ ոլորտի համապարփակ վերափոխում։
Արևային էներգիայի արտադրության հզորությունները զգալիորեն ընդլայնվել են։ 2018 թվականին Հայաստանում արևային էներգիայի հզորությունը կազմում էր ընդամենը 16 մեգավատ։ Այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 1,200 մեգավատը, իսկ 2025 թվականին արևային էներգիան կազմել է մեր էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 16 տոկոսը։ Այժմ մենք քայլեր ենք ձեռնարկում էլեկտրաէներգիայի կուտակիչ մարտկոցային համակարգերի ներդրման ուղղությամբ՝ ավելի մեծ ճկունություն և հուսալիություն ապահովելու համար։
Զուգահեռաբար մենք ուսումնասիրում ենք կանաչ ջրածնի ներուժը և առաջ ենք մղում ատոմային էներգիայի արտադրության արդիականացման մեր ծրագրերը՝ որպես դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի էական բաղադրիչ։
Բացի այդ, նոր և առավել նշանակալի հնարավորություններ են ի հայտ գալիս մեր տարածաշրջանում փոփոխվող քաղաքական և անվտանգային միջավայրի արդյունքում։
Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը նոր հիմք է ստեղծել տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության համար, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ ԹՐԻՓՓ նախագիծը այս նոր իրողության կարևոր մասն է։ Տրանսպորտային կապից բացի, նախագիծը նախատեսում է էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հաղորդման գծերի զարգացման հնարավորություններ։
Միևնույն ժամանակ, Հայաստանը համագործակցում է իր հարևանների հետ՝ ընդլայնելու էլեկտրաէներգիայի անդրսահմանային փոխկապակցվածությունը՝ ստեղծելով ավելի դիմակայուն էներգետիկ համակարգերի, ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ էներգետիկ առևտրի հնարավորություններ։
Մեր փորձը ցույց է տալիս, որ էներգետիկ ինքնիշխանությունն ու տարածաշրջանային փոխկախվածությունը միմյանց չհակասող նպատակներ են։ Խաղաղությունը հնարավորություններ է ստեղծում էներգետիկ համագործակցության համար, իսկ էներգետիկ համագործակցությունն իր հերթին կարող է խաղաղությունն ավելի կայուն դարձնել։
Շնորհակալություն»,- եզրափակել է ելույթը Սարգիս Խանդանյանը։







