Ֆեյսբուքյան փոթորիկներ են, թե Ալիևը հերթական պահանջն է ներկայացնում: Այդ թեման որքան Ադրբեջանին է հետաքրքիր, նույնքան էլ ՀՀ-ին է հետաքրքիր: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, թե Բաքվում անհայտ կորածների հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, և դրան արձագանքել է նաև հայկական մամուլը:
«Մենք մեր անհայտ կորածներն ունենք, մենք մեր հումանիտար հարցերն ունենք և հազար անգամ ասել ենք, որ եթե դա պահանջ է, նաև մեր պահանջն է…
Հումանիտար բնույթի հարցեր ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման հարցը և անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը, նաև այլ հարցեր կան: Հազար անգամ ասել ենք, ասում ենք և, ոնց հասկանում ենք, էլի պիտի կրկնենք, որ դա մեր մշտական օրակարգի թեման է, խորագիրն է, հարցն է, այդ թվում՝ անհայտ կորածների հարցը:
Այդ թեման քննարկվել է նաև Բիշքեկում վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում: Վարչապետը բարձրացրել է այդ հարցը, ասել է՝ անընդհատ խոսում ենք, եկեք գործնականում շոշափելի դարձնենք այդ ուղղությամբ աշխատանքները:
Իմ և նախարար Բայրամովի հանդիպման ընթացքում, բնականաբար, այդ թեմային ևս հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում: Այնպես որ, սա նոր պահանջ չէ, սա պահանջ չէ, սա, այո՛, Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է, որը բարձրացվում է և հետաքրքիր է ինչպես Ադրբեջանին, նույնքան էլ ՀՀ-ին»,- ասաց նա:













