Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:
Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:
Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվում են ըստ իրավասության։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ տեղում ուսումնասիրելու հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։










