Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ըստ այդմ ՝ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե, և դրանք նախարարության ենթակայությունից փոխանցել ՀՀ Կառավարության ենթակայությանը։
«Մեծ առաջնահերթություններ կան 2026-2031 թթ. Կառավարության ծրագրում՝ ջրային ենթակառուցվածքներին, ջրային ոլորտի զարգացմանը, բոլոր ուղղություններով՝ խմելու ջուր, ոռոգման ջուր, ջրի մաքրման կայաններ։ Կան նաև գործառույթներ, որոնք այս պահին իրականացնում է Ջրային կոմիտեն, դրանց մի մասն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Մասնավորապես՝ հողերի մշտադիտարկման, արդյունավետ կառավարման հետ կապված հարցեր կան, որոնք Էկոնոմիկայի նախարարության իրավասությունների տիրույթում են»,-ասել է նախարարը։ Ինչ վերաբերում է Պետական ակտիվների կառավարման կոմիտե ստեղծելուն, ապա ըստ Դավիթ Խուդաթյանի, դա հնարավորություն կտա պետական ակտիվների կառավարման կազմակերպական ենթակայությունը համապատասխանեցնել դրա գործառութային ընդգրկմանը և պետական ակտիվների կառավարման միասնական քաղաքականության իրականացման անհրաժեշտությանը։
Քննարկվող հարցին վարչապետն անդրադարձել է այլ տեսանկյունից. «Բացի կառավարումից, կա նաև մի ուրիշ խնդիր։ Գիտեք՝ հող ու ջուր մեր իրականության մեջ ամենաշատ օգտագործվող արտահայտություններից և ամենաշատ խմվող կենացներից մեկն է՝ «հող ու ջրի»։ Շատ կարևոր եմ համարում, որ պետական կառավարման համակարգում մեր գերատեսչությունների բրենդինգի մասին մտածելիս՝ չմոռանանք այն խնդիրը, որ մեր պետական ինստիտուտների հետ մեր քաղաքացիների էմոցիոնալ կապը շատ կարևոր է»։
Վարչապետի դիտարկմամբ՝ «Հողի և ջրի կոմիտե» անունը արտահայտում է նաև այն նոր ընկալումը, թե ինչպիսի անուններ և բրենդինգ պետք է ունենան պետական մարմինները. «Մարդուն պետք է լինի հասկանալի, և այնտեղ, որտեղ հնարավոր է մարդու համար հոգեհարազատ անուն ունենա պետական գերատեսչությունը, մենք պետք է այդ խնդիրը նույնպես լուծենք»։
Անդրադառնալով որոշման բովանդակային հատվածին՝ երկրի ղեկավարն ընդգծել է՝ ի վերջո, օրինակ՝ ոռոգման ջրի վերջնակետը հողն է։ «Հողերի 90%-ի չմշակման պատճառը ուղղակի ջրի բացակայությունն է։ Այսինքն՝ մենք ջրի կառավարման խնդիրը չպետք է տարանջատենք հողի կառավարման խնդրից այս տրամաբանության մեջ։ Ջրի կառավարման ոլորտում մեր հարցը պետք է լինի հետևյալը՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող է լինել տեսականորեն արդյունավետ գյուղատնտեսություն, մենք պետք է այդ տեղերում ջուր հասցնենք, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա»։
Հավանության է արժանացել «ՀՀ 2027 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
ՀՀ 2027 թ. համախմբված բյուջեն գնահատվում է՝ եկամուտների գծով` 3,829.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 4,298.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 468.2 մլրդ դրամ։ ՀՀ համայնքների 2027 թ. բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 417.6 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 417.6 մլրդ դրամ:
ՀՀ տնտեսական աճի և, ըստ այդմ, հնարավորությունների ընդլայնումը պայմանավորված է լինելու նաև միջազգային մրցունակության աճով։ 2027 թ.-ին կանխատեսում ենք 5.8% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6%՝ Կառավարության ծրագրի թիրախներին համապատասխան։ Մասնավորապես՝ 2027 թ. պետբյուջեի սոցիալ-տնտեսական ուղղվածությունը ձևավորվել է տնտեսական աճի ներուժի ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման, սոցիալական պաշտպանության արդյունավետության բարձրացման և հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարելավման նպատակների համադրմամբ։ Բյուջետային քաղաքականության շրջանակում առաջնահերթություն է տրվել այն ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորմանը, որոնք ունեն տնտեսական աճը, զբաղվածությունը, արտադրողականությունը և բնակչության եկամուտների աճը խթանող ազդեցություն։ Այս համատեքստում կարևորվել է կապիտալ և ենթակառուցվածքային ծրագրերի, կրթության, առողջապահության, զբաղվածության և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով ծախսերի արդյունավետ իրականացումը։ Ըստ այդմ, կշարունակվեն՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը, անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից (ֆորմալ զբաղվածությունից) դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը, անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը և այլն։










