Կրեմլը հերքում է քաղբանտարկյալների գոյությունը Ռուսաստանում և պատրաստ չէ Միացյալ Նահանգների հետ քննարկել Վաշինգտոնի պատժամիջոցների մեղմացումը՝ կապված որևէ անձի ազատ արձակման հետ: Այս հայտարարությունը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, արել է Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ հարցը չի քննարկվել և չէր կարող քննարկվել այս կերպ, քանի որ մենք կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի գոյությունը և կարծում ենք, որ հարցի նման ձևակերպումը բացարձակապես անտեղի է», -ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ The Atlantic պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը, որն ավելի վաղ մասնակցել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Բելառուսում բանտարկյալների ազատ արձակման շուրջ բանակցություններին, իբր նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ առաջ է մղում ՌԴ-ի նկատմամբ նման գործարքը:
Ավելի վաղ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, «Նովայա գազետա»-ի համահիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը խնդրել էր ամերիկացի բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին հասնել ռուս քաղբանտարկյալների ազատ արձակմանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ:










