Ինչու «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ստանձնել Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահությունը, այն դեպքում, երբ խմբակցությունը հետաքրքրված չէ եվրոպական ինտեգրման օրակարգով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանի երկրորդ ուժի ընտրությունը կասկածելի է համարում և նշում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հանձնաժողովում ունենալու է մեծամասնություն, որը սպասարկելու է կառավարության օրակարգը:
Հանրապետության նախագահը պաշտոնական այցով Պրահայում է: Վահագն Խաչատուրյանին ընդունել է նախագահ Պետր Պավելը: Նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներում գործակցության խորացումը։ Չեխիայի նախագահը նշել է, որ այցը սպասված է և կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար՝ ընդգծելով, որ նախագահի մակարդակով նման ձևաչափով վերջին այցից անցել է մոտ 12 տարի։
Այս ամառն առանձնացավ Երևանում աննախադեպ երկար կայծակնային անձրևներով, նորմայից կրկնակի ավելի տեղումներով, խոշոր կարկուտներով, նաև չդիտվեց 40-ից բարձր ջերմաստիճան: Առատ տեղումների արդյուքնում ռեկորդ գրանվեց Սևանի հիդրոլոգիական ցուցանիշներում, արձանագրվեց լճի մակարդակի՝ 64 տարիների ամենաբարձր ցուցանիշը: Տարին Սևանի համար բացառիկ է նաև ոռոգման նպատակով ամենաքիչ ջրբացթողնման առումով:
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք` հյուսիսային լայնության 39-րդ զուգահեռականի երկայնքով՝ անցնելով չորս անդամ պետության՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով: Այդ մասին Մոնակոյում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն:
«Այդ պետությունները գտնվում են Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում պատերազմների և Կենտրոնական Ասիայի քաղաքական ու տնտեսական փոփոխությունների խաչմերուկում, որոնց մասշտաբները Եվրոպան դեռևս չի ընկալել: Վաշինգտոնի հռչակագրից մեկ տարի անց Հայաստանը և Ադրբեջանը իրական հնարավորություն ունեն առաջընթացը վերածելու կայուն խաղաղության, իսկ Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Բերսեն։
Առանձին անդրադառնալով Թուրքիային՝ նա ընդգծել է, որ բնակչության թվով այն ՆԱՏՕ-ի ամենամեծ եվրոպական անդամն է և դաշինքի մեծությամբ երկրորդ ռազմական ուժը, ուստի առանց Անկարայի՝ մայրցամաքում անվտանգության վերաբերյալ ոչ մի լուրջ խոսակցություն տեղի ունենալ չի կարող:
**
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ՇՈՇԱՓԵԼԻ ԴԱՌՆԱ. ԱՄԻՐԲԵԿՈՎ
Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունն այդ օրվանից ի վեր շարունակվել է, մեկնարկել են առևտրատնտեսական կապերը, զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտում նախագծերը:
«Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է, որ նրանք այլ ապագա տեսնեն։ Սա իսկապես պատմական հնարավորություն է, սակայն խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական համաձայնագրերով։ Խաղաղությունը պետք է տեսանելի ու շոշափելի դառնա գետնի վրա, մարդկանց առօրյա կյանքում»,- նշել է Ամիրբեկովը:
**
ԻՐԱՆԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՔՈՒՎԵՅԹՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ
Իրանական ուժերը հարվածել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազային։ Այդ մաին հայտնել են իանական լրատվամիջոցները: Հարձակման ժամանակ օգտագործվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Քուվեյթի բանակը հաստատել է տեղեկությունը: Սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ Քուվեյթի բանակը նշել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը վաղ առավոտից կասեցրել է Իրանի կողմից հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումները։
**
ԻՐԱՆԻ ԴԵՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿԱՐ ՉԵՆ ՏԵՎԻ. ԹՐԱՄՓ
Միաժամանակ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։ Հայտարարությունը Թրամփն արել է Իրանի տարածքին նախորդ գիշեր հասցված ամերիկյան հարվածներից հետո։ «Երեկ գիշեր շատ հզոր հարված ենք հասցրել, և մենք պատրաստ ենք ցանկացած պահի ևս մեկը հասցնել», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի պնդմամբ՝ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Հորմուզի նեղուցի երկայնքով Իրանի տեղակայած պաշտպանական և հարձակողական նոր ռազմական սարքավորումները։ Նրա խոսքով՝ հարվածների թիրախում են եղել նաև Իրանի վերականգնվող ռադարային և հրթիռային համակարգերը։ ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ իրանական ուժերը հրթիռ էին մշակում, որը նախատեսված էր ծովային ականներ տեղադրելու համար, և ամերիկյան ուժերը ոչնչացրել են այն։
**
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ԱՐԱԳԸՆԹԱՑ ԱԹՍ-ՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան արագացնում է արագընթաց անօդաչու թռչող սարքերի մշակումը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինայում արդեն կան արտադրողներ, որոնք կարող են կատարել այդ խնդիրը, իսկ նոր զենքի նախատիպերը մշակված են: Այժմ աշխատանքները շարունակվում են դրանց արդյունավետությունը անհրաժեշտ մակարդակի հասցնելու ուղղությամբ։
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ իշխանությունը հստակ ժամկետներ և առաջադրանքներ է սահմանել մասնավոր բիզնեսը ՀՕՊ համակարգերի առանձին տեսակների արտադրության և մատակարարման մեջ ներգրավելու համար:
Նրա խոսքով՝ վերջնական նպատակն է ապահովել բավարար քանակությամբ արագընթաց անօդաչու թռչող սարքեր և էժան հրթիռներ՝ Ռուսաստանի կողմից հարձակողական միջոցների արտադրության ավելացման ֆոնին:
«Մեր հետախուզությունը հստակ տեղեկություններ ունի հակառակորդի ծրագրերի մասին, և մեր ռեսուրսներն ուղղված են այդ սպառնալիքին հստակ պատասխան տալուն։ Գործելու ենք նաև անհամաչափ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
+++
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին նա ասել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Այնուամենայնիվ, վերջ ի վերջո և ամենից առաջ, այս խնդիրը պետք է լուծեն հակամարտության մեջ ներքաշված երկրները։ Այս մոտեցումը ճիշտ է», - շեշտել է Կրեմլի ղեկավարը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են, ամենից առաջ՝ հատուկ ծառայությունների մակարդակով։ «Թե որքանով են դրանք հանգեցնում հաշտության համաձայնությանը, այժմ դժվար է ասել՝ նկատի ունենալով վերջերս Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունները։ Բայց շփումներն իրոք կան, դրանք շարունակվում են ընթացիկ ռեժիմով», - ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Մոսկվան շփումներ է պահպանում նաև Վաշինգտոնի հետ: Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը տրամադրված կառուցողական աշխատանքի:
Դաշնության նախագահը նաև վստահեցրել է, որ այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք անցկացնել Ռուսաստանում: Վերջին շաբաթներին Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։
+++
ԻՐԱՆԱԿԱՆ ՌԻԱԼԸ ՀԱՍԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ
Իրանական ռիալը հասել է պատմական նվազագույնի․ ազատ շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը գերազանցել է 2,2 մլն ռիալը։ Մարտից ի վեր իրանական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 63%-ով։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել է, որ երկիրը բավարար արտարժութային պահուստներ ունի, իսկ ԿԲ-ն պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար ուղղել շուկա՝ ռիալի փոխարժեքը կայունացնելու համար։
Միաժամանակ ռիալի շարունակական անկումն արդեն խորացնում է գնաճային ճնշումները՝ բարձրացնելով սննդամթերքի, դեղորայքի և ներմուծվող ապրանքների գները։
**
ԱԿՑԻԱՆԵՐ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ՝ ՀԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՈՒՏԱՅԻ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը նախնական տեղեկություն չի ունեցել Սեուտայի էքսկլավ ներգաղթյալների հոսքի մասին: Նրա խոսքով՝ ոչ մի ապացույց չկա, որը կհաստատի զանգվածային ներհոսքի կապը Մարոկոյի հետ: «Աբսուրդ է մտածել, որ կառավարությունը գիտեր այդ մասին և ոչինչ չձեռնարկեց: Սեուտան Իսպանիայի սահմանը չէ, դա Իսպանիան է Եվրոպայի սահմանին», - նշել է Սանչեսը:
Ամբողջ Իսպանիայում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել ակցիաների՝ համերաշխություն հայտնելով Սեուտային, որտեղ դեռ մնում են հազարավոր անօրինական միգրանտներ: Շատ ցուցարարներ պահանջել են կառավարության հրաժարականը, որը, իրենց կարծիքով, չի կարողանում հաղթահարել միգրացիոն ճգնաժամը։
Հուլիսի վերջին Մարոկկոյից Սեուտա է ժամանել մոտ 72000 մարդ:









