Թրամփն աջակցություն է ակնկալում Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում

ԱԱննա Զախարյան

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները չեն դադարում: ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են հարվածներն Իրանին: Թեհրանը և Սպահանը ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել: Իսրայելը հայտարարել է, որ Իրանում դեռ հազարավոր թիրախներ կան խոցելու:

Իսրայելը նաև հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին՝ հայտարարելով, որ թիրախավորում է «Հըզբոլլահի» ենթակառուցվածքը: Իսրայելի բանակը նաև հայտնել է Լիբանանի հարավում ցամաքային սահմանափակ գործողություն սկսելու մասին: Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ Լիբանանի հետ բանակցություններ չեն լինի, մինչև «Հըզբոլլահը» չզինաթափվի:

Իրանն էլ իր հերթին շարունակել է հարվածներ հասցնել Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին: Արաբական Միացյալ Էմիրությունների երկնքում հրթիռներ և անօդաչուներ են որսացել: Դուբայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը վառելիքի բաքին անօդաչուի հարվածից հետո: Սաուդյան Արաբիան ևս հայտնել է տասնյակ ԱԹՍ-ներ որսալու մասին: Բաղդադում հարվածի է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը: Հարվածներ են արձանագրվել նաև Քուվեյթում:

Ռազմական գործողությունների պայմաններում փակվել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների 20 տոկոսը: Նավթի գնի աճի հետ կապված իրավիճակը մեղմելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցում է 7 երկրի հետ, որպեսզի նրանք միանան նեղուցը վերահսկելու նպատակով ստեղծվող կոալիցիային:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ապագայի համար շատ վատ կլինի, եթե դաշնակիցները չօգնեն այդ հարցում: Ճապոնիան արդեն հրաժարվել է այս առաքելությունից: Թրամփը նաև Չինաստանից է օգնություն ակնկալում նեղուցի անվտանգության ապահովման հարցում: Նա չի բացառել, որ կարող է հետաձգել Չինաստան կայանալիք այցը, եթե Պեկինը չհամաձայնի օգնել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները տարածաշրջանի երկրների դեմ և վերականգնել նավարկությունը Հորմուզի նեղուցով:

Մարտի 15-ին Էներգետիկայի միջազգային գործակալությունն Ասիայի և Օվկիանիայի իր անդամ երկրներին հրահանգել է անմիջապես բաց թողնել նավթի ռազմավարական պաշարները: Ամերիկայի և Եվրոպայի երկրներն իրենց պահուստներից նավթ բաց կթողնեն մարտի վերջին:

Ինչ վերաբերում է բանակցությունների հեռանկարին, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ շփումներ կան, բայց, իր կարծիքով՝ Թեհրանը դեռ պատրաստ չէ: Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատերազմի ընթացքում երբեք հրադադար չի խնդրել և ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի ձգտել:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում