Մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են անդրատլանտյան հարաբերությունները

ՔՔրիստինե Ոսկանյան

Եվրոպական ութ երկիր, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր մաքսատուրքերով, հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով Դանիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են երկխոսության:

Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան շեշտել են՝ մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են անդրատլանտյան հարաբերությունները և իրավիճակն ավելի վատթարացնելու վտանգ ստեղծում։ Եվրոպական երկրները նաև հայտարարել են, որ մեծացնում են Արկտիկայի անվտանգությունը Գրենլանդիայում անցկացվող «Արկտիկական դիմացկունություն» զորավարժությունների միջոցով:

Թեմային հերթական անգամ անդրադարձել է նախագահ Թրամփը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն 20 տարի Դանիային ասում է, որ հարկավոր է Գրենլանդիայից հեռացնել ռուսական սպառնալիքը: «Ցավոք, Դանիան այդ առնչությամբ ոչինչ չի կարողացել անել: Հիմա ժամանակն է, և դա կարվի»,- հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր 10 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն երկրների նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և դեմ են կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը:

ԵՄ 27 երկրների ղեկավարներն առաջիկա օրերին հանդիպում կանցկացնեն՝ որոշելու Միության արձագանքն այս սպառնալիքին: Ըստ Politico-ի՝ հունվարի 18-ին ԵՄ դեսպանները Բրյուսելում հանդիպմանը դիտարկել են ԱՄՆ-ի նկատմամբ 93 միլիարդ եվրոյի մաքսատուրքերի սահմանումը, եթե Վաշինգտոնի հետ սպասվող բանակցություններն արդյունք չտան:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում