Չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա. Միրզոյանը՝ ադրբեջանցի լրագրողին

ԿԿարմեն Ղուկասյան

«Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարին հարց ուղղելու հնարավորություն ունեցավ նաև ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության լրագրողը, որը հետաքրքրվում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ:

Միրզոյանը, պատասխանելով հարցին, ասաց՝ կցանկանար, որ Երևանում գտնվող լրագրողը իրեն ուղղեր այնպիսի հարց, որը չէր լինի պաշտոնական Բաքվի խոսույթը: 

«Մեր պատասխանը շատ միանշանակ է: Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար, մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Ես նշեցի արդեն՝ խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենաէական հարցերի շուրջ համաձայնությունները ձեռք բերված են, ստորագրված են, հրապարակված են, բայց կան հարցեր նաև, որոնց շուրջ երկու երկրները չեն համաձայնում: Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն արձանագրել են՝ այդ հարցում չունեն համաձայնություն: 

Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ խաղաղությունը հաստատված է, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները սահմանին վայելում են խաղաղությունը, քննարկվում են քաղհասարակությունների շփումները, փորձագետների ու լրագրողների այցերը:

Միրզոյանը նաև հույս հայտնեց՝ առաջիկա գործընթացները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը և խորհրդարաններում վավերացմանը:

«Հայաստանի Հանրապետության կողմից ունենք այդ քաղաքական կամքը, գնում ենք այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուղերձների կամ խոսակցությունների: Հուսանք, որ առաջիկայում կունենանք համաձայնագրի ստորագրում, հետո՝ համաձայնագրի վավերացում»,- ասաց նախարարը:

ԱԳ նախարարը հիշեցրեց՝ իշխանությունը Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին խոսել է 2018 թվականի վերջերից, ընդգծեց՝ դա միայն ներհայաստանյան օրակարգի մաս է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում