Աղետների ռիսկի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորմամբ՝ դիմակայունության բարձրացում. քննարկվել են ԵՄ կողմից աջակցվող ծրագրի առաջնահերթությունները

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ֆրանսիացի փորձագետներից կազմված պատվիրակությանը՝ Թիերի Ժիրարդի գլխավորությամբ: Քննարկել են «Հայաստանին աջակցության ծրագիր՝ ԵՄ-ի դիմակայության զարգացում, NDICI-GE ֆինանսավորում 2025–2027 թթ.» ծրագրի իրականացման ընթացքն ու հեռանկարները։ Ծրագրի հիմնական նպատակն աղետների ռիսկի կառավարման արդյունավետ, համապարփակ համակարգի ձևավորմամբ՝ դիմակայունության բարձրացումն է։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, Տիգրան Պետրոսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ Ֆրանսիայի նման փորձառու և պատրաստակամ գործընկերոջ աջակցությունը կնպաստի ՆԳՆ Փրկարար ծառայության կարողությունների և կամավորական փրկարարական համակարգի զարգացմանը։

Պատվիրակության ղեկավար Թիերի Ժիրարդն իր խոսքում բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման և բնակչության պաշտպանության ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ջանքերը։

Հանդիպման ընթացքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, ճգնաժամային կառավարման, արձագանքման կազմակերպման, հոգեբանական աջակցության և բժշկական օգնության տրամադրման, քաղաքացիական պաշտպանության իրականացման, աղետների ռիսկի կանխարգելման և հետևանքների վերացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։

Աշխատանքային հանդիպումը կարևոր հարթակ էր գնահատելու կարողությունները, քննարկելու կամավորական փրկարարական համակարգի ինստիտուցիոնալացման, ինչպես նաև Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և ազգային օրենսդրական ու ինստիտուցիոնալ շրջանակում Եվրոպական Միության կողմից աջակցվող ծրագրի գործողությունների ինտեգրման հնարավորությունները։

Քննարկվել են նաև ծրագրի առաջնահերթ ուղղությունները՝ ներառյալ համայնքային և ազգային մակարդակներում ռիսկերի գնահատման բարելավման, մասնագիտական և կամավոր կարողությունների զարգացման, հանրային իրազեկման և պատրաստվածության ամրապնդմանն ուղղված հարցեր։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, որի հիմնական նպատակը Հայաստանում արագ արձագանքման և աղետների հետևանքների վերացման առավել պատրաստ և դիմակայուն համակարգ ստեղծելն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում