Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան ճանաչել են Պաղեստինը

ՀՀայկ Նավասարդյան

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի Պետությունը, ինչն Իսրայելի կողմից քննադատության է արժանացել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի վերածնել խաղաղության և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը «երկու պետություն» բանաձևով կարգավորելու հույսը:

«Մենք ավելի քան 75 տարի առաջ ճանաչել ենք Իսրայելի պետությունը՝ որպես հրեաների հայրենիք: Այսօր մենք միանում ենք ավելի քան 150 երկրի, որոնք ճանաչում են նաև Պաղեստինի Պետությունը», - նշել է Սթարմերը:

ՀԱՄԱՍ-ը ողջունել է այս քայլը՝ աշխարհին կոչ անելով մեկուսացնել Իսրայելին: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հայտարարությունը կարևոր քայլ է «երկու պետություն» բանաձևով տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հաստատման համար:
Իսրայելի վարչապետը քննադատել է երեք երկրի համակարգված նախաձեռնությունը՝ նշելով, որ դրանով նրանք խրախուսում են ՀԱՄԱՍ-ին: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Հորդանան գետի արևմուտքում պաղեստինյան պետության ստեղծում տեղի չի ունենա:

Ավելի ուշ Պորտուգալիան ևս ճանաչել է Պաղեստինի Պետությունը:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակով նիստից առաջ սեպտեմբերի 22-ին Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան Նյու Յորքում գագաթնաժողով կանցկացնեն՝ նպատակ ունենալով աջակցություն ստանալ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից «երկու պետություն» բանաձևով իրադրության լուծման համար: Միացյալ Նահանգները և Իսրայելը կբոյկոտեն գագաթնաժողովը: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն այդ հանդիպումն անվանել է «կրկես»՝ նշելով, որ դա խրախուսում է ահաբեկչությունը:

Ակնկալվում է, որ Ֆրանսիան և ևս հինգ երկիր այսօր պաշտոնապես կճանաչեն Պաղեստինի Պետությունը:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում