Օրակարգում դրված են պետությանը վերադարձվող՝ զենք չդարձած դղյակներ, որոնց ամեն քարը մի զինվորի ճակատագիր է. Արեն Մկրտչյան

ԼԼուսինե Մուրադյան

Սեյրան Օհանյանին ասել եմ ու կրկնում եմ՝ բանակից գողացած փողով կառուցած ամեն քարը մի զինվորի կյանքն է: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի իր ելույթի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդագրերին, որոնց համաձայն՝ առաջարկվում է «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալ:

«Գլխավոր դատախազը միջնորդագիր է բերել Ազգային ժողով: Երկու օր հետևում են քննարկումներին: Ջայլամի ձվի չափ ծամոնը բերանները գցած՝ հարց են տալիս, էության մասին ոչ մի խոսք, բանավեճը ձևի մասին է:

Կարո՞ղ էր նորանշանակ նախարարը երեք ժամում փաստաթուղթ կեղծել, թե՞ դրա համար, օրինակ, 8 ժամ էր պետք: Վարչության պետը փաստաթղթերում գրել է «տիրապետել», միջնորդագրում նշված է «տնօրինել»: Ոչ մեկը չի ասում՝ տիկի՛ն Վարդապետյան, մարդը նախարարի՝ 500 հազար դրամ աշխատավարձով չէր կարող 2-3 մլն դոլար արժողությամբ դղյակ ունենալ: Դա նրա ուղիղ 200 տարվա աշխատավարձն է: Ում անունով ուզում է գրանցած լինի, իրենը չէ: Չեն կարող ասել նման բան, քանի որ ի պատասխան կբերվի 800-900 հազար դրամ աշխատավարձ ստացած Ռոբերտ Քոչարյանի՝ մոտ 200 հազար դոլար արժողությամբ, բռնագանձման ներկայացված ապօրինի ծագման ունեցվածքը, որը նրա 7407 տարվա աշխատավարձն է»,- ասաց նա:

Անդրադառնալով օրակարգային հարցին՝ Արեն Մկրտչյանը նշեց. «Օրակարգում դրված են պետությանը վերադարձվող՝ զենք չդարձած դղյակներ, որոնց ամեն քարը մի զինվորի ճակատագիր է: Սեղանին դրված է հաշիվ, որը փակեց զինվորը, շատերը, ցավոք, իրենց կյանքի գնով»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Նիստի շրջանակում քննարկվելու է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում