Ընդդիմությունը վախենում է ձեր վերաբերմունքից մեր թեկնածու Մեխակյանի հանդեպ. Խուդաթյանը՝ միավորվող համայնքների բնակիչներին

ԼԼուսինե Մուրադյան

Էջմիածին, Ոսկեհատ, Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան և Շահումյան բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ, ընդդիմությունը աղմկում է այս օրերին այնպես, ինչպես 2021 թվականի միավորման հերթական փուլի ընթացքում, որովհետև իրենք վախենում են և մտահոգված են այն վերաբերմունքից, որ դուք տեսնում եք կատարված աշխատանքի նկատմամբ: Այդ մասին Ազգային ժողովում Վաղարշապատ համայնքային փունջ ստեղծելու նախագծի երկրորդ ընթերցման եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ նախագծին առնչվող քննադատություններին:

Նախարարը հիշեցրեց, որ 2021-ին՝ համայնքների միավորումից հետո, նույն այդ համայնքներում համապետական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ձևավորվել են ավելի քան 200 մլրդ դրամի կարողություններ:  

«Նրանք հասկանում են, որ միավորվելու պարագայում Վաղարշապատ և Խոյ համայնքներում ավելի մեծ ծավալի աշխատանք է հնարավոր իրականացնել հաջորդ տարիների ընթացքում, քան իրականացվել է նախորդիվ, և ամենակարևորը՝ նրանք վախենում են ձեր վերաբերմունքից մեր թեկնածու պարոն Մեխակյանի հանդեպ, որովհետև՝ ով-ով, բայց Էջմիածնի և Խոյի բնակիչները տեսել են պարոն Մեխակյանի աշխատանքը: Էջմիածնում տեսել են որպես համայնքի ղեկավարի տեղակալ, Խոյում տեսել են որպես համայնքի ղեկավար, և հիմա էլ կարող են տեսնել այդ աշխատանքը՝ որպես Արմավիրի մարզպետի: Սա է թաքնված աղմուկի հիմքում:

Երբ մենք չէինք հայտարարել մեր թեկնածուի մասին, այս պրոցեսի շուրջ որևէ լարվածություն չկար, որովհետև ընդդիմությունը մտածում էր՝ մենք թեկնածուի փնտրտուքի մեջ ենք և չենք կարողանալու մրցունակ թեկնածու առաջադրել, իսկ երբ առաջադրվեց և հաստատվեց պարոն Մեխակյանի թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում: Այստեղ այս խառնաշփոթը սկսվեց մի պարզ պատճառով. պարոն Մեխակյանը և՛ Էջմիածնում՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ, և՛ Խոյում՝ որպես համայնքի ղեկավար, վաստակել է ձեր վստահությունը, և հասկանալի պատճառներով իր հետ մրցելն ընդդիմության ցանկացած թեկնածուի համար լինելու է բարդ, եթե չասեմ՝ անհնար»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, դիմելով բնակիչներին, նշեց, որ ՏԿԵՆ-ի նախաձեռնությամբ հնարավորություն է տրվում՝ միասնաբար ընտրելու նոր համայնքապետ, ապա կոչ արեց գնալ, մասնակցել ընտրությանն ու որոշիչ ձայն ասել. «Ձեր ընտրության իրավունքը մեզ համար սրբություն սրբոց է»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները, որոնցով առաջարկվում է ձևավորել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է մեկ խոշորացված համայնք:

Ավելի վաղ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը: Ավելի ուշ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում