ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, հրապարակել է հայտարարություն՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։
«1. Աշխատավարձի քաղաքականություն
Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։
2. Բժշկական ապահովագրություն
Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։
3. Աշխատանքային պայմանների բարելավում
Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։
Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։
ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել ութ աշխատակիցների վերաբերյալ։
ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջները՝ անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել իրավապահ մարմիններին։