Շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ. Վրաստանի նախագահ

ԼԼիլիթ Ասատրյան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի՝ արտերկրում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, և ամրապնդում է հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: «Վրաստանը պետք է վերականգնի տարածքային ամբողջականությունը բացառապես խաղաղ ճանապարհով: Կարծում եմ, որ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները կգործադրեն բոլոր ջանքերը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեօկուպացիայի հարցի հաջող առաջխաղացման համար»,- նշել է Կավելաշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանը ձգտում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, սակայն եվրաինտեգրումն օգտագործվում է շահարկումների համար թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։

Վրաստանի նախագահը՝ իր պաշտոնավարման առաջին օրը, ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցությունն արագացված կարգով ընդունել էր նոյեմբերին: Արդեն ուժի մեջ մտած օրենքներից մեկի համաձայն՝ հանրային հավաքների ժամանակ արգելվում է օգտագործել հրագործական արտադրանք և լազերներ, ինչպես նաև փակել դեմքը։ Զգալիորեն ավելացվում են տուգանքները ճանապարհները փակելու, գրաֆիտիների համար։

Մեկ այլ հաստատված փոփոխությամբ՝ պարզեցվել են պետական մարմիններում աշխատանքից ազատվելու և աշխատանքի ընդունելու ընթացակարգերը: Ոստիկանության մասին օրենքի փոփոխությամբ հեշտացվում է ՆԳՆ-ում աշխատանքի անցնելը և չեղարկվում է մրցույթի մասնակցելու պարտադիր պայմանը:

Մեկ այլ փոփոխությամբ՝ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորցրել է պետական պաշտպանության իրավունքը. նախկինում նա կարող էր օգտվել այդ արտոնությունից ևս մեկ տարի։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Հեղինակ՝ Մերի Ներսիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում