ԼԼուսինե Մուրադյան

Խորհրդարանում քննարկվել են եվրոպական ինտեգրման գործընթացի շրջանակում գինեգործության ոլորտի մարտահրավերները

Խորհրդարանում քննարկվել են եվրոպական ինտեգրման գործընթացի շրջանակում գինեգործության ոլորտի մարտահրավերները

Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում շեշտակիորեն զարգանում է: Այս համատեքստում տնտեսական ոլորտի հարաբերություններում կարևոր են դառնում, մասնավորապես, գինեգործական արտադրանքի արտահանման և ներմուծման հետ կապված հարցերը:  Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել է դեկտեմբերի 17-ին Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովը քննարկումը նախաձեռնել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ: Հանդիպման նպատակն է քննարկելու ոլորտին վերաբերող հարցերն ու գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ վերջին տարիներին մեր երկրում  գինեգործությունը շատ ակտիվ է զարգանում և հայկական գինու՝ եվրոպական երկրներ արտահանումը կարևորագույն ուղղություններից մեկն է: Հիմնադրամն աջակցում է գինեգործական ընկերություններին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում: Զարուհի Մուրադյանը նաև տեղեկացրել է, որ  արտահանման հետ կապված կան լուրջ մարտահրավերներ և խնդիրներ: Հիմնադրամի տնօրենը կարևորել է քննարկումը՝ նշելով, որ սա լավ հնարավորություն է՝ անդրադառնալու առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված հարցերին:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի խոսքով 2018 թվականից Միջազգային հանրապետական ինստիտուտը Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների վստահելի գործընկերն է և տարիների ընթացքում միասին աշխատել են՝ ամրապնդելու կառավարումը, խթանելու երկխոսությունը ու լուծելու կարևոր մարտահրավերները: Այսօրվա միջոցառումը, ըստ նրա, այդ ավանդույթի շարունակությունն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե ինչպես կարող է երկրի տնտեսության և ինքնության կարևոր մասը հանդիսացող գինեգործության ոլորտը զարգանալ եվրոպական ինտեգրման շրջանակում:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են եվրոպական ինտեգրման գործընթացի շրջանակում գինեգործության մարտահրավերներին, ընթացակարգերին, արտահանման խնդիրներին, մրցունակության վրա ազդող մարկետինգային քաղաքականությանը, լոգիստիկ հարցերին, Հայաստանի գինեգործության ոլորտը Եվրամիության որոշակի չափորոշիչներին համապատասխանեցնելուն վերաբերող հարցերին:

Գինեգործության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ և հույս հայտնել, որ նման հանդիպումներն ու համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական, ինչը կնպաստի ոչ միայն հայկական գինեգործության, այլև ամբողջ տնտեսության զարգացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում