Ինչպես է իրականացվելու փրայմերիզը Գյումրիում. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է

ԼԼուսինե Մուրադյան

Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկանք այն եզրակացության, որ ժողովրդավարական ևս մեկ ինստիտուտ ներդնենք Հայաստանում, երբ ոչ թե պաշտոնյաների, այլ թեկնածուների ընտրության փուլից քաղաքացիները հնարավորություն են ունենում քվեարկել և որոշում կայացնել: Իմ առաջարկը գյումրեցիներին հենց դա է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե ինչ է ենթադրում Գյումրիում քաղաքային իշխանություն ընտրելու համար նախատեսվող փրայմերիզը:

Վարչապետը շփոթ ստեղծելուց խուսափելու համար առաջարկեց գործածել «նախնական ընտրություն» կամ «նախնական քվեարկություն» արտահայտությունները: Նկատեց, որ նման միտք ծագել է այն ժամանակ, երբ պարզ եղավ, որ Գյումրիում պետք է արտահերթ ընտրություններ լինեն, սակայն չկար քաղաքապետ կամ քաղաքապետի պաշտոնակատար, որոնք կարևոր դերակատարում ունեն ընտրությունների փուլում մի շարք լիազորությունների առումով, ուստի որոշվել է օրենսդրական փոփոխություն կատարել և քաղաքապետի պաշտոնակատար նշանակել:

«Այս պահին ունենք 7 թեկնածու, և առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը ՔՊԿ ներկայացուցիչների կողմից կիրականացվի նախնական քվեարկությունը, և պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որոնք նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, այսինքն՝ հնարավորություն կունենան թեկնածուներից մեկի օգտին քվեարկել: Ես արդեն հայտարարել եմ, որ հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա է պրոցեսը:

Կարող եմ ասել, որ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել: Իհարկե, անկեղծ պիտի ասեմ՝ դեռ լավ չենք պատկերացնում ծավալը, որ 3 օրվա ընթացքում քանի գյումրեցու կկարողանանք դիմել, բայց, այնուամենայնիվ, աշխատանքի գրաֆիկները հստակ սահմանված են, որպեսզի օբյեկտիվ չափիչներ լինեն: Այդ պահին ինչքան գյումրեցիների կհասցնենք դիմել, և ինչքան էլ կհամաձայնեն քվեարկել, այդ արդյունքները կդրվեն հետագա որոշման հիմքում»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում