Քննիչը տեսագրությունը զննել, զարմացել է. ՔԿ նախագահն անդրադարձել է իր և զոհված զինծառայողների հարազատների միջև տեղի ունեցած հանդիպմանը

ԿԿարմեն Ղուկասյան

Տեսագրությունը կա: Մենք այդ ժամանակ հարմար չհամարեցինք այդ տեսագրությունը հրապարակել, բայց իրականում այն կա, մեր այդ սենյակը տեսագրվել է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը՝ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը:

«Դրա վերաբերյալ էլ Ազգային անվտանգության ծառայությունում են նյութեր նախապատրաստվել: Քննիչը եկել է, տեսագրությունը զննել է, զարմացել է»,- պարզաբանեց Արգիշտի Քյարամյանը:

Հիշեցնենք՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ քաշքշուկ էր եղել Քննչական կոմիտեի նախագահի և զոհված զինծառայողների հարազատների միջև: Քննչական կոմիտեն այնուհետ հանդես էր եկել պարզաբանմամբ՝ հերքելով, թե հանդիպման ընթացքում եղել են քաշքշուկներ, վիրավորանքներ:

«Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի նպատակադրումները:

Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:

Ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է, և հանդիպումը շարունակվել ու ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի Արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ»,- մասնավորապես ասված էր ՔԿ հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում