Այժմ միասնությունից ավելի կարևոր բան չկա. Բայդեն

ՄՄերի Ներսիսյան

Միասնությունը մեր գլխավոր նպատակն է։ Այժմ միասնությունից ավելի կարևոր բան չկա՝ հատուկ ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին: «Այս պահին կրակողի դրդապատճառների մասին տեղեկություն չունենք։ Մենք գիտենք, թե ով է նա։ Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ նրա հնարավոր շարժառիթների կամ կապերի մասին շահարկումներից»,- նշել է Բայդենը:

Սպիտակ տան առաջնորդը հայտնել է, որ Գաղտնի ծառայությանը հանձնարարել է վերանայել անվտանգության բոլոր միջոցառումները հանրապետականների կուսակցական համագումարի համար: Իր ուղերձում Բայդենը նշել է, որ խոսել է Դոնալդ Թրամփի հետ, իսկապես ուրախ է, որ նա իրեն լավ է զգում և ապաքինվում է։ «Մեր զրույցը կարճ էր, բայց լավը։ Ես և Ջիլը աղոթում ենք նրա և նրա ընտանիքի համար: Մենք նաև մեր խորին ցավակցությունն ենք հայտնում միջադեպի ժամանակ զոհվածի ընտանիքին»,- ասել է ԱՄՆ նախագահը: Իր խոսքում Ջո Բայդենն ընդգծել է, որ Ամերիկայում տեղ չկա այս տեսակի բռնության կամ որևէ բռնության համար:

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցը փորձում է պարզել՝ արդյոք տղամարդը հանցակիցներ ունեցել է, թե ոչ՝ չնայած՝ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա միայնակ է գործել:

Թրամփն անդրադառնալով իր դեմ մահափորձին՝ նշել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունը ֆանտաստիկ աշխատանք է կատարել՝ մեկ կրակոցով չեզոքացնելով հրաձիգին. «Կարող էի մահանալ, բայց հրաշք է տեղի ունեցել»,- ասել է Թրամփը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում