Իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ պետության գլխատումը. Հայկ Կոնջորյան

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իշխող խմբակցության անունից ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին:

«Իհարկե, տհաճ է, որ ընդդիմությունը, իր կանոնների համաձայն, խրոխտ խոսեց և գնաց, և չնայած ասված է՝ հեռացածների հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, ամեն դեպքում, ավելի կարևոր է ասել ճշմարտությունը, քան լավի կամ ոչնչի հետևից ընկնել:

Նախ՝ ցանկանում եմ արձանագրել՝ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, բայց մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը, հանդես էր գալիս Տրոյական ձիու կարգավիճակով: Բանն այն է, որ իրենց կողմից իրենց շարժման առաջնորդ հռչակված՝ վեղարով Նեռի ներկայացուցիչը, ով երեկ այդ դեպքերից մի քանի ժամ առաջ Բաղրամյան պողոտայում խոսում էր ներքին թշնամիների մասին՝ մատնացույց անելով և նկատի ունենալով մեզ, ապա հայտարարում էր, որ իրենք պիտի մտնեն Ազգային ժողով և դրանից հետո «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ-պատգամավորները, ովքեր դրսում միտումնավոր և նպատակաուղղված սադրում էին իրավիճակը, հրմշտում էին ոստիկաններին, բռնություն էին գործադրում ոստիկանների նկատմամբ և հարձակում էին գործադրում իրենց օրինական գործառույթներն իրականացնող ոստիկանության, իրավապահ մարմինների նկատմամբ, և փորձում էին ժողովրդի հետ ներխուժել Ազգային ժողով, ոչ ոքի համար անակնկալ, չէ, թե ինչ էին ուզում նրանք անել: 

Այնուհետև դեպքերի զարգացման արդյունքում պարզ դարձավ, հայտարարվեց իրենց վեղարով առաջնորդի կողմից, որ փնտրում են նաև վարչապետին՝ հաշվեհարդար տեսնելու համար: 

Սա, ըստ էության, ահաբեկչության փորձի հստակ դրսևորում էր»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ Արծվիկ Մինասյանը դահլիճում խոսում է Մարտի 1 անելու ինչ-որ տարօրինակ մղումների մասին՝ այդկերպ փորձելով կոծկել երեկ Հայաստանում երկրորդ Նոյեմբերի 9-ը իրականացնելու իրենց այլանդակ ծրագիրը:

Կոնջորյանն ընդգծեց՝ նույն բանը նույն խոսույթով, նույն ղեկավար կազմի միջոցով երեկ էր տեղի ունենում, և նույն մարդկանց կատարմամբ փորձ էր արվում իրագործել երկրորդ Նոյեմբերի 9, իսկ հաջողության պարագայում՝ նաև երկրորդ Հոկտեմբերի 27:

«Եվ ահա «Հայաստան» դաշինքը նոր Նաիրի Հունանյանի Տրոյական ձին էր՝ այստեղ նստած: Եվ իրենք նպատակաուղղված կերպով իրենց պատգամավորներին ուղարկել էին դուրս, որպեսզի այնտեղ իրավիճակը սադրեն: Առաջին սադրանքն իրագործել են, ըստ էության, «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Գառնիկ Դանիելյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Սարգսյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ Տիգրան Աբրահամյան, Աննա Մկրտչյան, Ասպրամ Կրպեյան, որոնք բռնությամբ և ագրեսիայով փորձում էին տաքացնել ժողովրդին և հարձակում գործել խորհրդարանի վրա: Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության փորձ, և այս դեպքերին հաջորդող՝ վեղարով առաջնորդի հայտարարությունը վարչապետին գտնելու և հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ, ապացուցում են, որ նրանք հստակ պլանավորված ահաբեկչական գործողություն էին ծրագրել ՀՀ-ի դեմ: Սա էր իրականությունը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:

Կոնջորյանն ընդգծեց՝ ՀՀ իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ Հոկտեմբերի 27-ը, կանխել Հայաստանում երկրորդ պետության գլխատումը, կանխել են Հայաստանը գուբերնիա դարձնելու նպատակաուղղված ծրագիրը:

Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրողություններին հաղորդել այլ շղարշ, ըստ պատգամավորի՝ պիտի ժամանակ տրամադրեն և դեպքերի հաջորդականությունը շղթայով միացնեն իրար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում