Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր ավտոերթևեկությունը լիարժեք վերականգնված է. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք 1 ինքնաշեն ժամանակավոր կամուրջ, բայց արդեն մեքենաների համար: Հիմա շինարարության իրականացման փուլն է: Դա 7 բնակավայրի համար է, որպեսզի կապը ոչ միայն հետիոտնային կամրջով լինի, այլև ավտոմոբիլային տարբերակով: Այս մասին Կառավարության նիստին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներ ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ նախարարի՝ Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման առումով գրեթե 90 տոկոսը վերականգնված է, միայն որոշ տեղերում կա խնդիր:

«Մ6 ճանապարհը երեկվանից բացել ենք: Փաստացի Մ6 և Մ4 ճանապարհները բաց են: Փաստացի և՛ Մ6, և՛ Մ4 ճանապարհներն աշխատում են, միայն վնասված հատվածներ կան: Փորձել ենք կահավորել, բայց նորից պետք է խնդրենք մեր վարորդներին՝ զգուշությամբ ճանապարհն անցնել՝ հաշվի առնելով, որ մի շարք հատվածներ վնասված են, և այդ հատվածներում միակողմանի է երթևեկությունը»,- ասաց նախարարը:

Վարչապետ Փաշինյանն արձանագրեց՝ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր ավտոերթևեկությունը լիարժեք վերականգնված է:

«Լիրաժեք այն առումով, որ ավերված հատվածները դարձել են անցանելի: Արդեն միջնաժամկետում դրանք կբերենք վերջնական տեսքի: Ավերված հատվածները, պարզ է, ասֆալտապատ չեն հիմա, բայց գրունտային կամ ժամանակավոր եղանակով աշխատում են»,- ասաց վարչապետը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ որոշ միջազգային գործընկերներ հետաքրքրված են հատկապես կամուրջների կառուցմամբ, և որ պատրաստակամություն են հայտնել՝ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում:

Անդրադառնալով մաքրման աշխատանքներին՝ Փաշինյանը նշեց, որ միայն Քարկոփ գյուղում է, որ դրանք շարունակվում են: Մյուս հատվածներում 90-95 տոկոսով ավարտված են: 1-2 օրվա ընթացքում հնարավոր կլինի վերականգնել նաև ավոտոմոբիլային երթևեկությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում