ԼԼիլիթ Ասատրյան

Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. Փաշինյանը՝ սեփական ավիափոխադրող ունենալու մասին

Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. Փաշինյանը՝ սեփական ավիափոխադրող ունենալու մասին

Բազմաթիվ երկրներ ձգտում են ունենալ սեփական ավիացիա, և մենք էլ ենք ձգտում: Կարծես թե ունեինք, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Արնան», որ հիմնվել է նաև պետության ներդրումով, դադարեցրել է թռիչքները և օդանավերն էլ հանել գրանցումից: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա հետաքրքրվեց, թե այդ մասով ինչ դիրքորոշում կա:

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, բյուջետային ավիաընկերությունները քովիդի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ, խոսքը «Ռայան էյրի» մասին է, «Վիզ էյրի» մասին է: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝  ընկերությանը վստահել է արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Հետագայում շուկայի կոնյունկտուրան փոփոխություններ է կրել, և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել»,- նշեց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացիական ավիացիայի հետ կապված՝ մասնավորապես ԵՄ-ի՝ սև ցուցակում հայտնվելը: «Այո, դա վատ պատմություն է, նաև որոշակի հետևություններ արվում են, և եթե չեմ սխալվում, երեկ ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են Ավիացիայի կոմիտեի կողմից, պետտուրքեր են սահմանվել: Դա արվում է նրա համար, որ Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որ այն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում մենք, հույս ունենք, շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ-ի սև ցուցակից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես գիտեմ, որ  որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել: Եթե դրանց արդյունքները քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական որևէ հիմք չկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում