Մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու. Արսեն Թորոսյան

ԿԿարմեն Ղուկասյան

Բոլոր ճանապարհներն էլ կարևոր են, բայց կարևոր է, որ ունենաս լեգիտիմ հիմք՝ քո տարածքը պաշտպանելու, իսկ լեգիտիմ հիմքը քո տարածքում լինելն է, և եթե այդ տարածքում այսօրվա դե-ֆակտո պայմաններում անցնում են կոմունիկացիաներ, որոնք մեր լեգիտիմ տարածքում չեն, պետք է լուծումներ գտնենք նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի դեպքում: Այս մասին  խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, թե կարող է սպառնալիքի տակ հայտնվել Տավուշով անցնող և Վրաստանը Հայաստանին կապող միջպետական ճանապարհը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու այդ մասին չի խոսվել 30 տարի, Թորոսյանը հակադարձեց:

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները նոր են սկսվել, բայց բոլորս էլ իմացել ենք, որ այդ ճանապարհներն անցնում են այս կամ այն ձևով, և միշտ չէ, որ սահմանն ու ճանապարհը իրարից հեռու են, կան հատումներ, որոնք Խորհրդային Միության շրջանում խնդիր չեն եղել, բայց դրա մասին իմացել են բոլորը, մեր քարտեզների վրա էլ է դա նկարած»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, հայտարարեց՝ ուրախ պետք է լինենք, որ մեր երկրի վարչապետը, անսալով թափանցիկ կառավարմանն ու ժողովրդավարությանը, հանդիպում է այն մարդկանց հետ, որոնք ապրում են այդ հատվածներում, իսկ Ադրբեջանում մարդկանց կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում:

«Սա նշանակում է, որ մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու»,- հայտարարեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, նշեց՝ դրանք միշտ առկա են:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է վարչապետը ասել՝ եթե չվերադարձնենք Ադրբեջանի պահանջած տարածքները, պատերազմ կսկսվի, Թորոսյանը նկատեց՝ վերլուծությունները բազմաթիվ կարող են լինել՝ ռազմականից սկսած, տարբեր հրապարակումներով ու հռետորաբանությամբ վերջացրած:

«Այնպես չէ, որ դրա մասին հիմա է ասվել և մինչև այդ չի ասվել: Մենք միշտ էլ նայում ենք, թե ինչ պոտենցիալ մարտահրավերներ կան կամ կարող են լինել»,- ասաց Արսեն Թորոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում