Ռուսաստանում ԵՄ երկրների դեսպանները հրաժարվել են Լավրովի հետ հանդիպումից

Ռուսաստանում ԵՄ երկրների դեսպանները հրաժարվել են Լավրովի հետ հանդիպումից

Մոսկվայում Եվրամիության երկրների դեսպանները հրաժարվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից։ Այդ մասին հայտարարել է ինքը՝ Լավրովը, Սոչիում Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում կայացած քննարկման ժամանակ: Նա ասել է, որ եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումը պետք է նվիրված լիներ Ռուսաստանում կայանալիք նախագահի ընտրությանը։ Սակայն, Լավրովի խոսքով, նախատեսված միջոցառումից երկու օր առաջ ԱԳՆ-ն հաղորդագրություն է ստացել, որ դեսպանները չեն գա հանդիպման։

«Պատկերացնո՞ւմ եք դիվանագիտական մակարդակով հարաբերություններ այն երկրների հետ, որոնց դեսպանները վախենում են հանդիպման գալ այն երկրի նախարարի հետ, որտեղ հավատարմագրված են։ Որտե՞ղ եք նման բան տեսել»,- ասել է Լավրովը։

Նախարարը նաև պարզաբանել է, որ հանդիպմանը ցանկանում է դեսպանների հետ քննարկել այն տեղեկությունը, որ ԱԳՆ-ն կուտակել է, որ Մոսկվայում Եվրամիության երկրների դեսպանատներն իրենք են «պատրաստվում» նախագահի ընտրությանը: Դաշնության գլխավոր դիվանագետի խոսքով՝ ԵՄ երկրների դեսպանները մտադիր են աջակցել ռուսական «ոչ համակարգային ընդդիմությանը» և կիրառել որոշակի «միջամտության մեխանիզմներ»։

Լավրովն ասել է, որ մտադիր է եղել զգուշացնել օտարերկրյա դիվանագետներին նման գործողությունների մասին, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել։ Ռուսաստանում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը RBC-ին հաստատել է, որ ՌԴ ԱԳՆ-ն միջոցառմանը հրավիրել է եվրոպացի դեսպաններին, սակայն մերժումը պայմանավորված է «չափազանց ցածր վստահությամբ» և հրավերի օրակարգում առաջարկների բացակայության պատճառով:

«Մեզ հրավիրել էին քննարկելու ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, բայց հիմա նախարար Լավրովն ասում է, որ խոսքը վերաբերում էր մեզ դասախոսություններ կարդալուն։ Սա վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ենք վարվել, որ մերժել ենք հրավերը»,- հավելել են ԵՄ պատվիրակությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում