2024-ի սկզբից նախաձեռնվել է գնումների մասին նոր օրենքի պատրաստման գործընթաց. Վահե Հովհաննիսյան

ԼԼուսինե Մուրադյան

Գնումների մասին օրենսդրության լավարկումների մասին շատ ենք խոսում, բայց ոնց որ այդքան շատ չենք լավարկում: Այս մասին Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ գուցե իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որը կգործի անկախ հանձնարարականներից:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2024-ի սկզբից նախաձեռնվել է գնումների մասին նոր օրենքի պատրաստման գործընթաց, և օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց դիտարկումները:

«Առաջիկայում մենք լայն խորհրդակցությունների շրջանակ կբացենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների և տնտեսվարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք իրականացնել նոր օրենքով: Ուզում եմ ընդգծել, որ մենք խոսում ենք նոր օրենքի մասին, ոչ թե օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որովհետև կարծում ենք՝ այն իրականությունը, որում մենք գտնվում ենք, և այն իրականությունը, որում գրվել է այդ օրենքը, արդեն բավականին բան է փոխվել»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միտում են զգում, որ լուրջ կազմակերպությունները խուսափում են Կառավարության հետ գործ ունենալուց, որովհետև ասում են՝ գնումների ընթացակարգերը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից բիզնես հարաբերություններին: Մյուս կողմից՝ կառավարությունը քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ է անում, որով համակարգը լարվում է:

«Մարդիկ ասում են՝ լա՛վ, եկանք, ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու է, ԱՎԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են՝ այս մեկն այս մեկի հետ է «ատկատ» [անում], այն մեկը՝ այն մեկի: Մենք գործ չունենք, գնացե՛ք, մենք մեզ համար ենք, ինչը մեզ համար պրոբլեմ է»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնք առաջարկների լավագույն տարբերակներն ունեն:

Վարչապետը նաև նկատեց, որ չպետք է գնումների համակարգում չարաշահումների տեղ թողնել:

«Մենք ընկերությունների հետ, ընկերությունները մեզ հետ հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար, որովհետև բոլորը բոլորին ամեն ինչի համար կասկածում են, և դա պրոբլեմ է, իսկ եթե այդ պրոբլեմներն էլ ինչ-որ մի տեղ առարկայանում են, դա ամբողջ դաշտը քայքայում է»,- ասաց վարչապետը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նկատեց, որ ավելի շատ խնդիրներ կան գնման առարկայի կարողությունները նկարագրելու մասով, քան բուն գնումների, քանի որ աշխարհում գնումների կազմակերպման տարբերակներ կան, և դրանցից մեկը պետք է ընտրել:

«Պետք է կարողանանք այնպես մանրամասն և տրամաբանական նկարագրել գնման առարկան, որպեսզի միակ հարցը մնա գինը, արժեքը, այլ ոչ թե բազմաթիվ այլ գործոններ, որոնք գնման արժեքում ի հայտ են գալիս: Ու ստացվում է՝ գնման արդյունքը կազմակերպված է ոչ թե գնով, այլ բազմաթիվ այլ հանգամանքներով, որոնք գրված են եղել գնման առարկայի մեջ»,- ասաց փոխվարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում