Դա ազդակ է բոլոր գերատեսչություններին, նախարարներին և ինձ անձամբ. Մինասյանը՝ ազատումների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետի մարզային վերջին այցերին հաջորդած պաշտոնից ազատումները ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի համար ազդակ են, թե ինչպես պետք է աշխատել։ Այդ մասին նախարարն ասաց իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ, այն առումով, որ թերի աշխատանքը անպայման պետք է ունենա իր հետևանքները։

Քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն՝ գոնե իմ ունեցած ինֆորմացիայով»,- ասաց նախարարը և հավելեց, որ իրավապահները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ուսումնասիրում են, որպեսզի հասկանան, թե երբ են ծագել թերացումները՝ մրցույթների հայտարարման տեխնիկական առաջադրանքներո՞ւմ, թե՞ աշխատանքի հանձնման-ընդունման ընթացքում: Երբ իրավիճակը պարզվի, ըստ նախարարի, վարույթներ կհարուցվեն։

«Ինչ վերաբերում է մնացած պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է, երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնական է, որ պետք է լինեն հետևանքներ: Շատ հաճախ այլ պայմաններում կամ նախկինում դա կարող էր լինել ավելի թաքնված և ոչ բացահայտ, հանրային, բայց կարծում եմ՝ հուրախություն ինձ և մեր քաղաքացիների, թափանցիկ, բաց տեղի են ունենում գործընթացներ։ Եվ դա նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին և ինձ անձամբ, թե ինչպես է պետք աշխատել, և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Լոռու մարզ և նորակառույց ուսհաստատություններում արձանագրել բազմաթիվ թերացումներ: Այցից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել էին: Աշխատանքից ազատվել էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, երբ վարչապետը թերություններ էր գտել մարզի դպրոցներում կատարված աշխատանքներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում