Սա գործընթացի մի մասն էր. ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել, որ բոլոր գերիները վերադառնան. Խանդանյան

ԼԼիլիթ Ասատրյան

Տեղի են ունեցել բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև, և այդ բանակցությունների արդյունքում այս հայտարարությունն է տեղի ունեցել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նա ընդգծեց, որ հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա, բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմի միջև:

«Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում շատ զգայուն հումանիտար հարցի՝ գերիների վերադարձին, որի շուրջ շատ երկար և բազմիցս խոսել ենք, և հնարավորություն է առաջացել հարցը այս ձևաչափում բանակցել և լուծել: Սա շատ կարևոր հայտարարություն է, և չպետք է թերագնահատել, սակայն նաև պետք չէ գերագնահատել այն ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ: Այն, ինչ Հայաստանը շարունակ ասել է, շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հուլիսին եռակողմ հանդիպման ընթացքում, և Հայաստանը հորդորում է նաև այլ գործընկերներին, միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- նշեց պատգամավորը:

Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ այն հարցին, թե արդյոք 32 գերիների անունները, որոնք շրջանառվում են, համապատասխանում են իրականությանը, և արդյոք քննարկումներ կան ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներին ՀՀ վերադարձնելու մասին:

«Ես կխուսափեմ որևէ անուն հնչեցնել, նախ՝ որ մանրամասներին, ցանկերին ծանոթ չեմ, բացի դա, շատ զգայուն թեմա է, և մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաև ԶԼՄ-ներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, քանի որ դա բարդ կարող է լինել գերիների հարազատների համար»,- ասաց Սարգիս Խանդանյանը՝ նշելով, որ ըստ հայտարարության՝ դա պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում. «Ժամերի, օրերի հարց է: Եթե ես չեմ սխալվում՝ հայտարարության տեքստի մեջ կար, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանի վրա է տեղի ունենալու այդ փոխանակումը»,- ասաց նա:

Խանդանյանը նշեց, որ բանակցությունները ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև վերջին շաբաթներին են ընթացել: «Կարճ ժամանակահատվածի մասին է խոսքը»,- ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է բոլոր գերիներին վերադարձնելու հարցին, ապա պատգամավորը նշեց. «Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացնում են` Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը` 2 ադրբեջանցի զինծառայողի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում