Մարդիկ մտածում են, թե կարելի է քվեատուփ շուռ տալով՝ անտեսել ավագանու մեծամասնության ձայնը. Վահագն Ալեքսանյանը՝ Ալավերդիում տիրող իրավիճակի մասին

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով՝ իրեն անհանգստացնում են Ալավերդուց ստացվող լուրերը: 

Նա հայտարարեց՝ ոստիկանությունն արգելափակում է Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցների մուտքը իրենց աշխատատեղ: Նազարյանը հարց ուղղեց՝ արդյոք Սիմոնյանը կապվե՞լ է տեղի իշխանության, ոստիկանության հետ՝ փորձելու պարզել, թե ինչ է կատարվում, ինչին ԱԺ նախագահը տվեց բացասական պատասխան:

Իր հերթին, «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ իշխող ուժը փորձում է Ալավերդիում բռնազավթել իշխանությունը:

Ընդդիմադիր պատգամավորների՝ Ալավերդիում տեղի ունեցողի մասին հարցերին անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ Ալավերդիում ավագանու մեծամասնությունը՝ 27 անդամից 14-ը, նախաձեռնել է նիստ՝ համայնքապետին անվստահություն հայտնելու համար:

«Երբ ասում ենք ՏԻՄ, ՏԻՄ-ը նախ և առաջ  ավագանին է: Ավագանին հարցով նիստ է գումարել, նիստը տեղի է ունենում, քվեարկություն է իրականացվում, մարդիկ մտել են խուլիգանական պահելաձևով, սպառնալիքներով, հայհոյանքներով շուռ են տվել քվեատուփը, ոստիկանությունը կատարել է իր պարտականությունը: Ուրիշ բան, որ մարդիկ մտածում են, թե էդպես կարելի է ինչ-որ հարց լուծել՝ քվեատուփ շուռ տալով՝ անտեսել ավագանու մեծամասնության ձայնը:

Էլ չեմ ասում, որ սրանից մի երկու ամիս առաջ էլ իրենց խմբակցությունից 9 հոգի էր նախաձեռնել նույն մարդուն անվստահություն հայտնելու հարց՝ այսպիսով իրեն անվստահություն հայտնող ավագանու անդամների թիվը 27-ի մեջ դարձնելով 23: Այսինքն՝ մի համայնքապետ, որն ավագանիում փաստացի ունի 4 անդամ, այդ թվում՝ ինքը, որն իրեն անվստահություն չի հայտնում, ուզում է կառչած մնա աթոռին»,- խոսքը եզրափակեց Ալեքսանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու «Ապրելու երկիր»-ից ավագանու մեկ անդամ նախաձեռնել են Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Թամազյանը պնդում է, որ գործընթացը հակաօրինական է, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հակառակ փաստարկներն է բերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում