Միրզոյանը և ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային հարցեր

ԱԱնժելիկա Ժամհարյան

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկան և այս համատեքստում կարևորել նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը՝ ի թիվս այլնի որպես ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցության կարևոր դրսևորում:

Հանդիպման օրակարգում են եղել  Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: 

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նախարար Միրզոյանը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը` շեշտելով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրման խնդիրները:

Ներկաների կողմից ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարևորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում