Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առիթով ընդունել է դեսպան Վիկտոր Ռիխտերին

ԱԱրսեն Մկրտչյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առիթով ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Շնորհավորելով հյուրին և իր բարեմաղթանքները փոխանցելով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը՝ նախագահը շեշտել է, որ Գերմանիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում ունեն անցած 30-ից ավելի տարիների ընթացքում:

«Մենք Գերմանիայի աջակցությունը զգացել ենք անկախացումից անմիջապես հետո և այսօր ունենք բարեկամական հարաբերություններ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակելու է սերտանալ և նոր բնագավառներ է ընդգրկելու»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության ու բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Գերմանիան հավատարիմ է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև խաղաղության հաստատման իր հանձնառությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-գերմանական գործընկերության զարգացման ոլորտների լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա հնարավորություններին և հեռանկարներին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար աջակցության խնդիրների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հրամայականը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում:

Դեսպան Ռիխտերը շեշտել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանն ու հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու գործընթացին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում