10 967 քաղաքացի հաշվառվել և տեղակայվել է մարզերի համայնքներում. ՏԿԵ նախարար

ԼԼուսինե Մուրադյան

10 967 քաղաքացի ունենք մարզպետարանների համայնքների կողմից հաշվառված և տեղակայված: Նրանք տեղակայված են հիմնականում հյուրանոցներում ու հյուրատներում, ինչպես նաև որոշակի հյուրընկալող ընտանիքների կամ այլ շենք-շինություններում, որոնք հարմարեցված են այսպիսի կարիքների համար: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի 64 համայքում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն: Կա աշխատանքային խումբ, կան կոնկրետ անձինք, որոնք զանգերի միջոցով և ֆիզիկապես տեղում գտնվելով՝ օգնում են բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ սպասարկելու և հոգալու նրանց կարիքները:

Սանոսյանը նաև հորդորեց, որ տեղահանվածները միայն խոշոր քաղաքներում, օրինակ՝ Գյումրիում չմնան, քանի որ կան նաև համանման այլ պայմաններ այլ համայնքներում, և կարևոր է այլ համայնքներում ևս տեղաբաշխում ապահովելը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ չնայած եղել են բռնի տեղահանվածներ, որոնք հրաժարվել են պետության տրամադրած կացարաններից, քանի որ կացարանով ապահովված են, այնուամենայնիվ, նրանց հետ պետք է կապի մեջ լինել, որպեսզի առաջացած մյուս խնդիրները կառավարվեն:

«Հնարավոր է՝ մարդիկ գնան, իրենց որևէ հարազատի տանը մի շաբաթ մնան, մի շաբաթից հետո ավելի հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ և այդպես շարունակ: Կամ հնարավոր է, որ մարդիկ ունենան կացարան, բայց ունենան այլ կարիքներ, ասենք՝ սննդի հետ կապված, կոմունալ ծախսերի վճարման. նրանց հետ կապը կպահվի, որպեսզի այդ աջակցությունը նաև հասու լինի մեր քաղաքացիներին:

Հիմա մենք այս պահին  փաստորեն լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը: Մեր հաջորդ խնդիրն է միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնել, և եթե ես ճիշտ եմ հասկանում, մենք նախորոշել ենք երեք մարզ՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, որպեսզի այդ մարզերում միջնաժամկետ բռնի տեղահանվածների հարցը լուծենք հետևյալ տրամաբանությամբ՝ հյուրընկալ ընտանիքների մեխանիզմով և վարձակալության մեխանիզմով»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ այս համատեքստում լավ լուրն այն է, որ ՀՀ աշխատաշուկայում աշխույժ վիճակ է, և հնարավոր կլինի մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովել՝ ըստ ոլորտների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում