Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Պուտինը նրանց խնդրել է Դոնալդ Թրամփին փոխանցել իր երախտագիտությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ ՌԴ նախագահը նշել է, որ մարդասիրական ուղղությամբ հաջողություններ են արձանագրվել։
Բացի դրանից՝ նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Օլեշկիի շուրջ մարդասիրական հարցի կարգավորմանն աջակցելու համար։
Հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպումից առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ քննարկման օրակարգում են հարցեր, որոնք կնպաստեն Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորմանը:
Պուտինի հետ բանակցություններից առաջ ամերիկացի բանագնացները հանդիպել են Ուշակովի և Դմիտրիևի հետ:
Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ նոյեմբերի 10-ին և 11-ին անցկացվել են եռակողմ բանակցություններ Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև։
Այնուհետև Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դուբլին՝ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման:










