Այսօր պիտի երեխուս բերեի. Գյումրի-Երևան վթարի զոհերից արցախցի Հելենի մորը Բաքուն կրկին մերժել է

ԼԼիլիթ Ասատրյան

Ալվարդ Սաֆարյան (Հելեն Դադայանի մայրը) - Ես հայ եմ և գիտեմ, որ իմ երեխու համար հող կգտնվի Հայաստանում, բայց ես ուզում եմ իմ երեխուն իր ծննդավայրում, իմ նախնիների կողքին հուղարկավորել:

Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ճանապարհի սարսափելի վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի մայրն է: Տեսակապ հաստատել չկարողացանք, տանը ոչ հոսանք կար, ոչ էլ ինտերնետ: Հելենի մահից 4 օր անց դեռ աղոթում ու սպասում է՝ դստեր մարմինը տուն տանելու:

Լեռնային Ղարաբաղի Ճարտար քաղաքում ծնված աղջիկը տան 3 երեխայից փոքրն էր, Երևան էր տեղափոխվել ուսանելու՝ 4-րդ կուրս էր փոխադրվելու, նույն բուհում արդեն նաև աշխատում էր: Արձակուրդները սկսվելուն պես, սակայն, միշտ նրա ուղղությունը հետ՝ Ճարտար էր: Դեկտեմբեր-հունվարի արձակուրդին էլ գնալ չկարողացավ՝ ադրբեջանցիները արդեն փակել էին Լաչինի միջանցքը. վերջին անգամ տանը 2022-ի օգոստոսին էր եղել: 8 ամսից ավելի Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող ընտանիքի և Հելենի կարոտը ավարտվեց Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին: Ավտովթարի ծանր լուրից ժամեր անց արդեն ընտանիքը գիտեր՝ հենց այդ րոպեից դիմել են տարբեր մարմինների:

Ալվարդ Սաֆարյան - Կարմիր խաչին եմ դիմել, հանդիպել եմ ադրբեջանցի ներկայացուցչի, փաստաթղթային ներկայացրել եմ, թե ինչ ա եղել, ներկայացրել եմ թղթերը, սկզբում հայտարարել են, որ կգնաք նախնական տվյալներով: Այսօր պիտի գնայի Կարմիր խաչի երթով, Գորիսում երեխուս դին վերցնեի, հետ գայի Ղարաբաղ:

Այսօրը եկավ, բայց մայրիկը Գորիս, որտեղ Հելենի մարմինն է, չկարողացավ հասնել:

Ալվարդ Սաֆարյան - Այսօր խոսել եմ, ստացվել է այնպես, որ երեկ կեսօրից հետո Ադրբեջանի կառույցները մերժել են:

Պատճառը չգիտի, այլ մանրամասներ չեն հայտնել: Հիմա Գորիսում որևէ լուրի սպասում է նաև Հելենի քեռին՝ հենց նա էր գնացել վթարի վայր, քրոջն ասել է՝ մինչև վերջ կպայքարի, որ Հելենի մարմինը ընտանիքի մոտ հասցնի: Մահվան լուրն ավելի է ծանրացրել հաշմանդամություն ունեցող Հելենի քրոջ առողջական վիճակը, մայրն ասում է՝ շատ էին կապված, մտերիմ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի հարազատներից նամակ ստացել է, որ աղջկա մարմինը տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ: «Լուրերի» հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշեց՝ պատրաստակամ են ցանկացած պահի կազմակերպել տեղափոխումը, բայց դեռ որևէ հստակ բան ասել չեն կարող՝ համաձայնության են սպասում:
1 տարի չտեսնելուց հետո գոնե դստեր մարմինը գրկելու հնարավորությանն է սպասում մայրը, մեկ ասում է՝ հույս չունեմ, մեկ էլ ասում է՝ բայց հույս ունեմ:

Ալվարդ Սաֆարյան - Հիմա նորից անհույս սպասում եմ, որ գուցե վաղը թույլ տան՝ գնամ երեխայիս դին բերեն: էլ ուրիշ բան չեմ ուզում:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում