Ջարդված խեցեղեն, դամբարանների տեղաշարժված սալաքարեր. գանձախուզության դեպք՝ Օշականում

ԼԼիլիթ Ասատրյան

Նոր փոսեր, ջարդված խեցեղեն և դամբարանների տեղաշարժած սալաքարեր. մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակին թվագրվող Օշականի Դիդի Կոնդ ամրոցի տարածքում գանձախուզության դեպք է հայտնաբերվել:

- Իսկ ի՞նչ են փնտրում:
- Թանկարժեք նյութեր, բրոնզ, ոսկի:

Տարածքի ընտրությունը պատահական չի եղել: Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարաններ: Այստեղից պեղումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, բազմատեսակ խեցեղեն և փայտե իրեր։

Արթուր Թովմասյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ Արագածոտնի ՊՄՊ ծառայության պետ) - Ահազանգը եղել է բնակչի կողմից, որից հետո եկել ենք մենք, տարածքը ուսումնասիրել ենք, ուսումնասիրությունից հետո արդեն տեղեկացրել ենք լիազոր մարմին, այնուհետև դիմել ենք Ոստիկանություն:

Միայն այս տարի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գանձախուզության 11 դեպքով դիմել է Ոստիկանություն, գործերը դեռևս քննության փուլում են: 2022-ի համեմատ այս տարի գանձախուզության դեպքերն ավելացել են:

Վիկտորիա Իսահակյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ հուշարձանների պահպանության բաժնի պետ) - Այս տարվա դրությամբ 47 ընդհանուր իրավախախտումների դեպքեր ունենք, որոնք տարբեր բնույթի իրավախախտումներ են, այս 47-ից 11-ն է, որ գանձախուզություններն են, անցյալ տարի ամբողջ տարվա կտրվածքով 76 դեպք է եղել, ընդհանուր 8-ը` գանձախուզություններ:

Կառույցի 11 մարզային ծառայությունների 135 աշխատակից իրականացնում է շուրջ 20 հազար հուշարձանի պահպանություն:

Վիկտորիա Իսահակյան - Բնականաբար, հասկանալի է, որ ամեն օր նույն հուշարձանի տարածք հնարավոր չէ այցելել, որովհետև հուշարձանների քանակն էլ 50-ից մինչև 200 տատանվում է 1 պահապանի համար:

Միայն Արագածոտնի մարզում 1951 հուշարձան կա, որոնք հսկում են 11 աշխատակիցներ: Յուրաքանչյուրի պատասխանատվության ներքո 6-ից 10 համայնք է: Արթուր Թովմասյանի պնդմամբ՝ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ աշխատակիցները ֆիզիկապես կարողանում են հուշարձանի տարածքում լինել ամիսը 2 անգամ:

Արթուր Թովմասյան - Խնդիրները շատ են, քանի որ ունենք աշխատողների պակաս, համ էլ դժվարանցանելի են, ամռան շոգին առավել ևս վտանգավոր է պահապանների համար շրջայցներ կատարելը, քանի որ տարածքներում բազմազան են վայրի կենդանիները, օձերի ակտիվացման շրջանն է:

Գանձախուզության դեմ պայքարի հարցում համակարգային մոտեցում է անհրաժեշտ, նշում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Միքայել Բադալյան (Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ, ուրարտագետ) - Կարևոր մեխանիզմներից մեկը ճիշտ իրազեկումն է և համայնքի հետ աշխատանքը: Որովհետև եթե համայնքի հետ շատ արդյունավետ աշխատանք իրականացվի այս առումով, մեծապես գանձագողության ռիսկերը կարող են նվազել: Շատ-շատ կարևոր է, որ Հայաստանում արգելվի մետաղորսիչ սարքերի օգտագործումը, և  դրանք կիրառեն միայն հատուկ լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, նման քննարկումներ ԿԳՄՍ-ն արդեն իսկ ծավալել է:

Միքայել Բադալյանի խոսքով՝ անհրաժեշտ է նաև վերանայել պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Միքայել Բադալյան - Պետք է լինեն խիստ պատիժներ, շատ խիստ պատիժներ, որովհետև շատ հաճախ դրանք վերցնում են իրեր, արտեֆակտեր, որոնք անմիջապես մեծ արժեք են մեր ժառանգության համար: Շատ հաճախ գանձագողերը չեն էլ գիտակցում, որ, ասենք, իրենք ոսկի են ման գալիս կամ դրամ, որ կարող է մի հատ խեցու բեկորը շատ, շատ մեծ արժեք ունենա:

Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն՝ պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան ոչնչացնելու կամ վնասելու համար տուգանք է սահմանված 10 հազարից 30 հազար դրամի չափով: Որպես պատիժ կարող է կիրառվել մինչև 200 ժամ հանրային աշխատանքը կամ ազատազրկումը` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Հեղինակ` Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում