Ավտոկայանատեղիները «զավթած» տնտեսվարողներին տուգանքն էլ չի կանգնեցնում

ԼԼիլիթ Ասատրյան

Գերծանրաբեռնվածության պատճառով Երևանում այսօր ազատ ավտոկայանատեղի գտնելը շատ բարդ է:

Գտանք ազատ ավտոկայանատեղի, որտեղ, սակայն, մեքենան չենք կարող կանգնեցնել. պատճառը ապօրինի տեղադրված կանգնակներն են:

Մետաղական կամ պլաստմասսե արգելանշաններ, թիթեղյա տարաներ կամ անվադողեր. ավտոկայանատեղիները զավթած տնտեսվարողներին հայտնաբերելու և տուգանելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ստուգայցեր է սկսել:

Սանկցիան 25 000 դրամ է:

ՀՀ Վարչական օրենսգրքով 255-րդ և 267-րդ հոդվածների համաձայն Ձեր իրավունք-պարտականությունները նշված են:

Երևանի քաղաքապետարանի տվյալով՝ հունվարից մինչ օրս 1000 կանգնակ է հեռացվել: Միայն մեր նկարահանող խմբի հետ ստուգայցի ընթացքում հայտնաբերվեցին 10-ից ավելի տնտեսվարողներ, որոնք վարչական պատասխանատվության ենթարկվեցին: Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի դիտարկմամբ՝ քիչ չեն նաև դեպքերը, երբ հնարավոր չի լինում պարզել, թե ով է տեղադրել կանգնակը:

Արամ Գյուլզադյան (Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ) - Եթե կարողանում ենք ապացուցել, որ կանգնակը տեղադրել է կոնկրետ անձնավորություն կամ կոնկրետ հիմնարկություն, արձանագրություն է կազմվում, եթե ոչ, ապա կանգնակը վերցվում է մեր կողմից:

Ստուգայցերի ընթացքում տնտեսվարողներից ոմանք տեղյակ չէին, որ ավտոկայանատեղիներում կանգնակի տեղադրումն արգելված է: Եղան տնտեսվարողներ էլ, որոնք կանգնակների տեղադրումը արդարացնում էին ծառայողական ավտոկայանատեղի ունենալու հանգամանքով:

Արամ Գյուլզադյան - Երևանի ավագանին Ձեզ կարողանում է տրամադրել ծառայողական ավտոկայանատեղի, սակայն դա Ձեզ իրավունք չի տալիս, որ կանգնակ տեղադրեք:

Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ 2023 թվականի հունվարից մինչև օրս ծառայողական ավտոկայանատեղի ունենալու թույլտվություն ստացել է 28 կազմակերպություն: Ընդհանուր առմամբ Երևանում կա 40 ծառայողական ավտոկայանատեղի՝ 268 մեքենայի համար: Յուրաքանչյուր մեքենայի համար վճարելով՝ տարեկան 300 000 դրամ:

Ի դեպ, ստուգայցի հաջորդ օրը մեր նկարահանող խումբը կրկին նույն վայրերում եղավ, որտեղ նախորդ օրը տնտեսվարողները արգելապատնեշներ տեղադրելու համար տուգանվել էին: Կանգնակները, որոնք քաղաքապետարանը հավաքվել էր, չկային. դրանց տեղում հայտնվել էին նորերը:

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում