Բուհերի ընդունելության լրացուցիչ մրցույթի հայտերն ընդունվում են. տարկետման իրավունքով մեկ տեղ կա

ԼԼիլիթ Ասատրյան

Բոլոր այն դիմորդները, որոնք ունեն երկու դրական գնահատական, բայց բուհ չեն ընդունվել՝ միավորը բավարար չլինելու պատճառով, կարող են մինչև հուլիսի 26-ը հայտագրվել թափուր մնացած տեղերի մրցույթին մասնակցելու համար:

Կարո Նասիբյան (Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ) - Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր մրցույթին չեն մասնակցել, սակայն ունեն դրական գնահատականներ, ովքեր նշել էին միայն քննություններ, սակայն բուհ չէին նշել:

Բարձրագույն ուսումնական հաստատություններն ունեցել են 13 314 դիմորդ: Միասնական ու ներբուհական քննությունների արդյունքում ընդունվել է 9 147-ը: Թափուր է մնացել թե՛ վճարովի, և թե՛ անվճար ավելի քան 4 հազար տեղ: Դրական միավորներով մրցույթը չանցած դիմորդները, որոնք իրավունք ունեն հայտագրվել լրացուցիչ փուլում, 1 626-ն են:

Եթե մրցույթի հիմնական փուլի ժամանակ գործել է հայտագրման մեկ բուհ-մեկ մասնագիտություն սկզբունքը, հիմա հայտ կարելի է ներկայացնել մինչև վեց բուհի ու վեց մասնագիտության համար:

Այս տարի առաջին անգամ դիմորդը հնարավորություն ուներ նույն առարկայից քննություն հանձնել կրկնակի՝ հունվարին ու հունիսին, որ գործընթացն էլ նրա համար պակաս սթրեսային լինի: ԳԹԿ փոխտնօրենն ասում է՝ նորամուծություն արդյունավետ էր:

Կարո Նասիբյան - Առաջին անգամ մենք արդեն ստացել ենք թվերը, և թվերը խոսում են այս համակարգի օգտին: 

Ավանդաբար պահանջված մասնագիտությունների օրինակով պարզ է դարձել՝ այս տարի անցողիկ միավորի շեմը հիմնականում բարձրացել է: Օրինակ` ԵՊՀ միջազգային հարաբերությունների դեպքում 25.5 է, անցյալ տարի եղել է 17.25: «Հանրային կառավարում» մասնագիտության անցողիկ միավորը 32.5 է, եղել է 29, «Իրավագիտության»-ը՝ 37 է, եղել է 36.25: Կարո Նասիբյանը նկատում է՝ հունվարի քննության արդյունքներից դժգոհ դիմորդները հնարավորություն են ունեցել աշխատել իրենց բացթողումների վրա և հունիսին առավել լավ գնահատական ունենալ:

Տևական ընդմիջումից հետո այս տարի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղեր էլ կային պետության համար կարևոր և առաջնահերթ բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների համար: Բակալավրում այդ տեղերը 134-ն էին:

Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Այդ մասնագիտությունները 10-ն են, որում միայն մեկ մասնագիտությամբ ունենք մեկ թափուր տեղ: Դա քիմիա մասնագիտությունն է: Մնացած բոլոր մասնագիտութունները՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, երկակի նշանակության ֆիզիկա, ատոմային էներգետիա, թռչող ապարատներ, ավիացիոն սարքավորումներ, բոլոր անվճար տեղերը համալրվել են: Շատ քիչ թափուր տեղեր ունենք նաև այդ մասնագիտության վճարովի ուղղությամբ:

Թեպետ տեղերը տարկետման իրավունքով են, սեռային սահմանափակում չի եղել, ու ընդունվածների մեջ նաև աղջիկներ կան: Արտոնությունը կշարունակվի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

Լուսինե Գրիգորյան - Ուսումն ավարտելուց և գիտական աստիճան ստանալուց հետո իրենք պարտավորվում են առնվազն 3 տարի աշխատել նախանշված աշխատավայրում՝ ըստ մասնագիտության:

Բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով նախարարությունը շրջանառության մեջ է դրել նաև կրթաթոշակները բարձրացնելու նախագիծ, որը վերաբերում է տվյալ ուղղություններով պետության համար կարևոր մանկավարժության և ագրարային ոլորտի մասնագիտություններին:

Լուսինե Գրիգորյան - Նախատեսում ենք կրթաթոշակի էական բարձրացում, նախկին 5-6 հազար դրամի փոխարեն նախատեսվում է /դեռևս նախագծով/ 70-77 հազար դրամ կրթաթոշակ: Զուգահեռ քայլեր են տարվում աշխատաշուկայում այդ մասնագիտությունների դերի, գրավչության բարձրացման ուղղությամբ՝ վարձատրության մեխանիզմների միջոցով:

Նախագիծն առաջիկա օրերին կներկայացվի վարչապետի աշխատակազմ:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում