ՃՈ Արարատի մարզի հաշվառման-քննական բաժանմունքը (ՄՌՈՒ) Մասիսից տեղափոխվեց Արտաշատ

ՎՎահե Դավթյան

Ճանապարհային ոստիկանության Արարատի մարզի հաշվառման քննական բաժանմունքը, վարորդների շրջանում ավելի հայտնի՝ ՄՌՈՒ-ն, Մասիս քաղաքի փոխարեն այսուհետ կգործի Արտաշատ քաղաքի մոտ՝ Մխչյան-Հովտաշեն գյուղերը կապող ճանապարհի հարևանութամբ: Աշխատանքային առաջին օրն այցելեց նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Նախարարը շրջայցի ընթացքում զրուցեց քաղաքացիների հետ, ծանոթացավ ենթակառուցվածքների աշխատանքներին:

Նոր բաժանմունքն ունի ավելի ընդարձակ սպասասրահ, առանձին պատուհաններ հաշմանդամություն ունեցող, պատերազմի մասնակից և դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց համար՝ հերթերից նրանց հնարավորինս ազատելու նպատակով:

Ըստ նախարարության՝ մասնաճյուղի բացման նպատակը Երևանի հերթերը թեթևացնելն է՝ միաժամանակ լինելով մարզի ավելի կենտրոնական հատվածում:

Բաժամունքում որևէ գործարք ունենալու համար պետք է նախօրոք հերթագրվել Ոստիկանության կայքում, ստանալ համապատասխան օր, ապա այդ օրը գալ, տեղում քաշել կտրոն ու սպասարկվել հնարավորինս քիչ հերթային պայմաններում:

Արա Ֆիդանյան (ՆԳՆ գլխավոր քարտուղար) - Նպատակը կայանում է նրանում՝ հնարավորինս թեթևացնել քաղաքացիներին պատճառվող անհանգստությունները, առավելագույնս ապահովել լավ ծառայություններով, նոր մոտեցումներով:

Մասնաճյուղի առաջին աշխատանքային օրը այցելություններ կային ոչ միայն Արարատի մարզից, այլև Հանրապետության այլ բնակավայրերից, «Լուրերի» հետ զրույցում քաղաքացիները հիմնականում առանձնացնում էին հարմարավետությունն ու հերթերի սակավությունը:

Բաժանմունքում քաղաքացին հնարավորություն ունի փնտրել իր նախընտրած պետհամարանիշը համապատասխան համակարգի միջոցով, պատվիրել, տալ քննություն վարորդական իրավունքի համար, հաշվառել ձեռք բերած մեքենան: Ի դեպ, քննական սենյակում առկա են տեսախցիկներ և կապի ազդանշանը ցրող սարքեր: Տեսախցիկներով կահավորված են նաև վարորդական վկայականի գործնական քննության մեքենաները:

Արա Ֆիդանյան - Առաջիկայում նախատեսվում է քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առանձնացնել ոստիկանությունից և ներառել ՆԳՆ կազմում, այդ կերպ հնարավորինս շատ ուշադրություն կդարձվի այն քաղաքականությանը, որն իրականացվելու է քաղաքացիներին տարբեր տեսակի ծառայություններ իրականացնելու նպատակով՝ թե՛ վարորդական իրավունքների, թե՛ միգրացիոն:

Ըստ Արա Ֆիդանյանի՝ սա առաջին նման բաժանմունքն է Հայաստանում, ու ստացվելու դեպքում այդպիսիք կբացվեն թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

Հեղինակ՝ Սիմոն Հովհաննեսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում