Ադրբեջանի կողմից առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել. պաշտպանության փոխնախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դրանք հեռահար կրակոցներ են, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երասխի ուղղությամբ Ադբեջանի կողմից կատարվող գործողություններին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, և մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»,- ասաց նախարարի տեղակալը:

Նա ընդգծեց, որ ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ն և բոլոր շահագրգիռ պետական մարմիններն այս երևույթին արձագանքում են: «Անընդհատ մենք տեղեկատվություն տրամադրում ենք, տեղեկատվության վերլուծությամբ ակնհայտ կդառնա, թե որն է իրական նպատակը: Սակայն նպատակը, կարծում եմ, լարվածություն ստեղծելն է, և, փառք Աստծո, որ մենք զոհեր կամ ավելի լուրջ վնասվածներ չունենք: Այլ մանրամասների չեմ տիրապետում»,- ասաց Արման Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բանակի՝ ադրբեջանական գործողություններին պատրաստ լինելուն, ապա նա նշեց հետևյալը. «Բանակն ունի իր առջև դրված խնդիրները, և, ըստ իրադրության, այդ խնդիրները փոխվում են: Ամեն դեպքում, բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, ՊՆ-ից հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: ՊՆ-ից հայտնել են նաև, որ այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ  ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Երասխում վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը միջին ծանրության է:

Երասխում կառուցվող գործարանի և քաղաքացիական նշանակության շարժական գույքի ուղղությամբ հակառակորդի կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում վարույթ է հարուցվել:

 

Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան: 

Երեկ՝ հունիսի 13-ին, Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում