Աշխարհի 400 լավագույն բուհերի շրջանավարտների աշխատավարձը մասամբ կսուբսիդավորվի, եթե նրանք աշխատեն հայկական ընկերություններում

ԼԼուսինե Մուրադյան

Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը նրանց աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մանրամասնել սուբսիդավորման չափերը:

«20 տոկոսով սուբսիդավորում ենք, եթե մարդը, որն ընդունվում է աշխատանքի, ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի առաջնակարգ ընկերություններում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ որևիցե սահմանափակում չկա, թե ինչ ազգության է մասնագետը. «Եթե հայ է, լավ է, եթե հայ չէ, էլի նույնքան լավ է, էլի ոչ մի խնդիր չկա»:

Ըստ Քերոբյանի՝ սրանով նպատակ կա ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց հետ կբերեն միջազգային փորձ ու գիտելիքներ:

«50 տոկոս սուբսիդավորում ենք այն մարդկանց, որոնք, բավարարելով 400 բուհերն ավարտելու պայմանը, նաև ունեն դոկտորական աստիճան (PHD)»,- ասաց նա, ապա նշեց, որ այս պարագայում նպատակը գիտնականներին հայկական ընկերություններում աշխատանքի ընդունելն է:

«Գիտեք՝ վերջերս հրապարակված «Գլոբալ ինովեյշն» ինդեքսում բացահայտվել էր, որ հայկական ընկերությունները շատ քիչ են գիտություն օգտագործում իրենց ապրանքներում, և մեր խնդիրն է ավելացնել գիտության մասնաբաժինը մեր արդյունաբերության, մեր բիզնեսի մեջ»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ պետությունը 70 տոկոսով կսուբսիդավորի հայկական ընկերություններում աշխատանքի անցած 400 լավագույն բուհերի այն շրջանավարտների աշխատավարձը, որոնք դասավանդում են համալսարաններում և կրթական հաստատություններում: Ըստ Քերոբյանի՝ բարձր որակավորում ունեցող մոտ 300 մասնագետի աշխատավարձի սուբսիդավորման հայտ արդեն հաստատվել է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ պետք է նմանատիպ ծրագրերի մասին իրազեկել, քանի որ աշխատավարձի սուբսիդավորման որոշումը լուրջ ներդրում է ընկերությունների և երկրի զարգացման գործում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում