Եթե Հայաստանը կառուցողական մոտեցում չցուցաբերի, Բաքվի և Երևանի միջև խաղաղություն չի հաստատվի. Ալիև

ԴԴիանա Գասպարյան

ԱԼԻԵՎԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ Է ՀՆՉԵՑՐԵԼ
Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը խաղաղության պայմանագրի տեքստում ընդգրկելու ցանկացած փորձ ոչ կառուցողական է։

Ալիևը նաև հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարել՝ եթե Հայաստանը կառուցողական մոտեցում չցուցաբերի, Բաքվի և Երևանի միջև խաղաղություն չի հաստատվի:

«Մենք դիվանագիտությունից բացի այլ միջոցներ չենք պատրաստվում ձեռնարկել: Սակայն խաղաղություն և հաղորդակցություններ չեն լինի: Հայաստանը պարզապես կրկին կմեկուսացվի»,- ընդգծել է Ալիևը:

ԼՂ-ՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ՍՐՎՈՒՄ. ՄԵՆԵՆԴԵՍ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար ճգնաժամին ոչ օպերատիվ արձագանքելու համար: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն էլ ավելի է սրվում, քանի որ արցախցիները հայտնվել են ադրբեջանական շրջափակման մեջ:

Մենենդեսը հարց է ուղղել Սամանթա Փաուերին՝ արդյոք Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի երկրներին տրամադրված 40 մլն դոլար օգնությունից բաժին կհասնի՞ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խոցելի համայնքներին, որոնք փորձում են հաղթահարել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները:

Փաուերը հստակ պատասխան չի հնչեցրել, սակայն նշել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը տարածաշրջանում կարիքների գնահատման երկու առաքելություն է իրականացրել, և խոստացել գնահատման արդյունքները փոխանցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

ԿԻԵՎԸ ՓՈՐՁԵԼ Է ԱԹՍ-ՆԵՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԿՐԵՄԼԻՆ
Կիևը գիշերը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հետ է մղվել՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

«Դրանց անկման հետևանքով զոհեր և նյութական վնասներ չկան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս չի տուժել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կրեմլը միջադեպը ահաբեկչության փորձ է որակել: «Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այս հարվածին՝ որտեղ և երբ նպատակահարմար համարի»,- հավելել են Կրեմլից։

Ուկրաինական կողմն արձագանքել է: Վոլոդիմիր Զելենսկիի խոսնակը հայտարարել է, որ տեղեկություն չունեն Կրեմլի վրա այսպես կոչված գիշերային հարձակումների մասին: «Նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է՝ Ուկրաինան իր ուժերն ու միջոցներն օգտագործում է ազատագրելու սեփական հողերը, այլ ոչ հարձակվելու ուրիշների տարածքների վրա»,- ասել է Սերգի Նիկիֆորովը:

ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԻՐԱՆԻՆ. ՌԱՅԻՍԻ
Իրանի նախագահը լիբանանյան «Ալ Մայադին» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է՝ Իսրայելը «պետք է հասկանա, որ չի կարող դիմակայել Իրանին»։ Էբրահիմ Ռայիսին զգուշացրել է՝ եթե Իսրայելը թեկուզ փոքր քայլ անի Իրանի դեմ, Թեհրանը համարժեք պատասխան կտա: Նա նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելին անհանգստացնում է Թեհրանի և Էր Ռիադի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։

Ռայիսիի խոսքով՝ Իրանը ռազմական մեծ ձեռքբերումներ ունի, ինչպես նաև առաջատար երկրներից մեկն է պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Նախագահը հավատացրել է՝ Իրանը միշտ բարեկամության ձեռք է մեկնում ցանկացած երկրի, որն ուզում է գործակցել։

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՐԻԱ
Իրանի նախագահն այցելել է Սիրիա, նրան ընդունել է նախագահ Բաշար ալ Ասադը: Էբրահիմ Ռայիսիին ուղեկցում է մեծ պատվիրակություն, այդ թվում՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մոհամմադ Ռեզա Աշտիանին, ինչպես նաև նավթի նախարար Ջավադ Ուջին: Սա Իսլամական Հանրապետության նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 13 տարվա ընթացքում։

Իրանի և Սիրիայի նախագահները Դամասկոսում հուշագիր են ստորագրել երկկողմ երկարաժամկետ ռազմավարական գործընկերության մասին։ Պայմանագրեր են ստորագրվել նաև ազատ առևտրի գոտիների ստեղծման, երկաթուղային և օդային տրանսպորտի զարգացման վերաբերյալ։ Դամասկոսը և Թեհրանը համատեղ նախագծեր կիրականացնեն նաև նավթագազային արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։

ՍԵՐԲԻԱՅՈՒՄ 14-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԿՐԱԿԵԼ Է ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Սերբիայի իրավապահները ձերբակալել են 14-ամյա տղայի, որը կրակել է համադասարանցիների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Բելգրադի դպրոցներից մեկում: Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 9 զոհի և 7 վիրավորի մասին:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ հրաձգության հետևանքով մահացել են նաև դպրոցի անվտանգության աշխատակիցը և ուսուցչուհին:

Նշվում է, որ տղան ուսումնական հաստատություն է եկել երկու ատրճանակով և մոլոտովի կոկտեյլներով։ Նախնական տվյալով՝ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում